‘Հանգստյան օրերի կենտրոնական հանդիպումները’

1260

Եվրոպական ակումբային հեղինակավոր մրցաշարերում ակումբները ծանրագույն հանդիպումներից հետո, վերադառնում են ներքին առաջնությունների պայքարին: Մրցաշրջանը թևակոխում է վճռական փուլ և չնայած չեմպիոնության հարցը 5 ուժեղագույն առաջնություններից գրեթե բոլորում կարելի է լուծված համարել, բազմաթիվ հարցեր դեռ սպասում են իրենց պատասխաններին:

«Էվերթոն» — «Մանչեսթեր Սիթի»

Շաբաթ, ժամը 16:45

«Մոյզես թիմը» կարծես թե հաղթահարում է ճգնաժամը և պետք է որ վերադառնա ՉԼ-ի ուղեգրի գոտում տեղ գտնելու համար պայքարին: Լիվերպուլցիները այժմ «Չելսիից» հետ են մնում արդեն 7 միավորով և բացի դրանից նրանք առաջ են թողել նաև «Լիվերպուլին» և «Արսենալին»: Իսկ «Սիթիին» առաջնության ավարտից 10 տուր առաջ արդեն կորցրել է չեմպիոնության բոլոր հույսերը, և պլանավարում է հաջորդ մրցաշրջանը: Հյուրերի կազմում հանդիպմանը չեն մասնակցի վնասվածքներ ունեցող Ագերոն ու Կոմպանին, ինչը միայն կօգնի տանտերերին:

«Բայեր Լեւերկուզեն» — «Բավարիա»

Շաբաթ, ժամը 21:30

Առաջին շրջանում Հայնկեսի տղաները միակ պարտությունը «Բունդեսլիգայում» կրեցին հենց լեւերկուզենցիներից: Այդ հանդիպումից արդեն երկար ժամանակ է անցել, և «Բավարիայի» հետ պետք է որևէ ֆանտաստիկ բան տեղի ունենա՝ երկրի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Ինչ վերաբերվում է տանտերերին, ապա նրանք նույնպես բավականին լավ մրցաշրջան են անցկացնում, և վստահ կարելի է ասել, որ կմասնակցեն հաջորդ տարվա ՉԼ-ին: Շատ հետաքրքիր կլինի հետևել «Բավարիայի» խաղին «Արսենալից» կրած 0-2 հաշվով պարտությունից հետո, որից առաջ շատերը արդեն իսկ խոսում էին, որ մյունխենցիները լավագույն թիմն են, Եվրոպայի և Պեպ Գվարդիոլայի կարիքը ամենևին չունեն:

«Վալենսիա» — «Բետիս»

Կիրակի,ժամը 01:00

Իսպանական «Պրիմերայում» տեղի ունենալիք հանդիպումներից կենտրոնականը, հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ «Մալագայի» որակազրկումը եվրոպական մրցաշարերից ուժի մեջ է մտնելու հենց հաջորդ սեպտեմբերից: Այժմ «Մալագայի» հետ հավասար միավորներ է վաստակել «Ռեալ Սոսյեդադը», բայց դժվար թե բասկերը կարողանան նման ստաբիլ ելույթներ ունենալ մինչև մրցաշրջանի ավարտ: «Վալենսիան» կրկին հայտնվել է վատ շրջանում և վերջին 3 խաղերում վաստակել է ընդամենը 2 միավոր: Բացի դա, նրանք, ինչպես և սպասվում էր, դուրս մնացին ՉԼ-ի 1/8-րդ եզրափակչից, ինչը նրանց ստիպում է կենտրոնանալ միայն առաջնության խնդիրների վրա: Կարելի է սպասել բավականաչափ բաց ֆուտբոլ, քանի որ Պեպե Մելի «Բետիսը» չէր փակվում նույնիսկ Բարսայի կամ Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղերում:

«Բարսելոնա» — «Ռայո Վալյեկանո»

Կիրակի, ժամը 23:59

Կատալոնցիները վերջապես կարողացան դուրս գալ մինի-ճգնաժամից և վերադարձրին երկրպագուների հավատը այս մրցաշրջանի հետ կապված: Առանց Տիտոյի 2 անգամ պարտվելով «Ռեալ Մադրիդին», առաջին հանդիպմանը զիջելով նաև «Միլանին», Բարսան հայտնվել էր այնպիսի իրավիճակում, որտեղ կատալոնցիները կարող էին մրցաշրջանի մնացած ժամանակահատվածում այլեւս անելիք չունենալ, քանի որ «Պրիմերան» իրենց է պատկանում հենց սեպտեմբերից: Այժմ՝ «Միլանին» ջախջախելուց հետո, ամեն ինչ պետք է որ կարգավորվի: Այս ամսվա ավարտին թիմ կվերադառնա նաև Տիտոն՝ ավարտելով իր բուժման կուրսը ԱՄՆ-ում: Բարսան նորից հանդիպում է սպիտակ մարզահագուստով թիմի, այն էլ՝ Մադրիդից, ինչը մեզ խոստանում է բազմաթիվ գոլեր հատկապես Մեսսիի կողմից, ով ամեն տուրում գոլի հեղինակ դառնալով գերազանցում է իր իսկ ռեկորդային ցուցանիշները:

Բացի վերը նշված հանդիպումներից, իտալական «Սերիա Ա»-ում մեզ սպասվում է վիրավորված միլանցիների մասնակցությամբ երկու հետաքրիր հանդիպումներ` «Միլան» — «Պալերմո» և «Սամպդորիա» — «Ինտեր»:

 

Նախորդ հոդվածը‘Forbes-ն առաջարկում է գարնանը հանգստանալ Ծաղկաձորում’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյան – Գելֆանդ՝ Ուղիղ’