‘ԱԺ-ի մոտ հրազենից վիրավորվածը հոգեկան շեղումներ ունի. նա կտեղափոխվի համապատասխան հաստատություն’

950

ՀՀ Ազգային ժողովի մոտ հրազենից վիրավորված և հիվանդանոց տեղափոխված Մասիսի բնակիչ 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանի մոտ հայտնաբերվել են հոգեկան շեղումներ: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Առաջին կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:

«Ինչպես գիտեք, այօսր նրան այցի էր եկել հոգեբույժ, և վիրավորվածի մոտ հայտնաբերվել են հոգեկան շեղումներ: Մինչ լիարժեք ապաքինումը նա կմնա հիվանդանոցում, որից հետո կտեղափոխվի համապատասխան մասնագիտացում ունեցող հաստատություն»,-ասաց Սահակյանը:

ՀՀ Ազգային ժողովի մոտ հրազենից վիրավորված և հիվանդանոց տեղափոխված Մասիսի բնակիչ 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանին այցելել էր հոգեբույժ` համապատասխան քննություն անցկացնելու և պարզելու տուժածի հոգեկան առողջական վիճակը:

Ազդրի մասում հրազենային վնասվածք ստացած անձի կյանքին վտանգ չի սպառնում: Նրա վերքը միջանցիկ է, ոսկրեր և խոշոր անոթներ չեն վնասվել:

Ազգային ժողով դանակով մուտք գործել փորձած անհայտ անձը վիրավորվել է անվտանգության աշխատակիցների կրակոցից: Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով խորհրդարանի տարածքը հսկող անվտանգության աշխատակցի կողմից հրազեն է գործածվել: Նրան նախազգուշացրել են օդ կրակելով, սակայն երբ դանակով զինված անձը փորձել է առաջ շարժվել, կրակել են նրա ոտքին: Ազգային ժողովի բուժքույրն առաջին բուժօգնություն է ցուցաբերել, մինչ ժամանել է Շտապօգնությունը: Երբ նրանից փորձել են հետաքրքրվել, թե ով է, ասել է` «Հիսուս Քրիստոսը»:

Նախորդ հոդվածը‘Երևանում ուժեղ քամի է. Այն ծառ է շրջել (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Կառլսեն-Արոնյան՝ Ուղիղ’