‘
Թուրքիան այսօր երեկոյան կրակ բացել Սիրիայի ուղղությամբ՝ ի պատասխան այսօր թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած պատահարի, որի ժամանակ հրետանային արկի առաջացրած պայթյունի պատճառով զոհվել է 5 մարդ, 13-ը վիրավորվել են:
«Սիրիայում գտնվող նշանակետերի վրա հրետանային կրակ է արձակվել», -ըստ թուրքական լրատվամիջոցների, ասվում է Թուրքիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ: «Սահմանին տեղակայված մեր զինված ստորաբաժանումները զինված միջամտության բոլոր կանոնների համաձայն ակնթարթային պատասխան են հասցրել: Ռադարի շնորհիվ տեղորոշված սիրիական կրակակետերի վրա հրետանային կրակ է արձակվել, թիրախները ոչնչացվել են», — ասվում է հաղորդագրությունում:
Տեղեկացվում է նաեւ, որ ՆԱՏՕ-ի Խորհուրդը սահմանային միջադեպի կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն կհրավիրի:
Թուրքիայի կառավարության մամուլի ծառայությունը նշել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումով «անհապաղ դիվանագիտական միջոցառումներ են իրականացվել»՝ ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Գի Մունի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ մի շարք երկրների արտգործնախարարների հետ:
«Թուրքիան ուժի կիրառման կանոնների եւ միջազգային իրավունքի շրջանակներում անպատասխան չի թողնի մեր ազգային անվտանգության դեմ ուղղված՝ Սիրիայի վարչակարգի սադրանքները», — ասվում մէ թուրքական կառավարության հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ ԱՄՆ պետդեպարտամենտը իր մտահոգությունն է արտահայտել միջադեպի կապակցությամբ՝ կատարվածի համար պատասխանատվությունը գցելով Սիրիայի իշխանությունների վրա: Հայտնվում է, որ մոտակա ժամերին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կխորհրդակցի Թուրքիայի իշխանությունների հետ:
‘