‘ՀՀԿ-ն կառաջադրի Արման Սահակյանի և Ռուբեն Սարգսյանի թեկնածությունները (տեսանյութ)’

1062

ԱԺ պատգամավորական երկու թափուր տեղերի համար դեկտեմբերի 2-ին կայանալիք ընտրությանը Հանրապետական կուսակցությունը կմասնակցի` իր թեկնածուների առաջադրմամբ: Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում, որը թափուր է մնացել այդ ընտրատարածքից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանի` Գյումրիի քաղաքապետ ընտրվելուց հետո, ՀՀԿ-ն կառաջադրի Արման Սահակյանի թեկնածությունը, իսկ թիվ 1 ընտրատարածքում, որը թափուր է մնացել ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` մանդատից հրաժարվելուց հետո, Հանրապետականը կառաջադրի Երևանի կադաստրի պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը, հայտնում է aravot.am-ը:

«Կարծում եմ՝  կուսակցության օժանդակության արդյունքում թեկնածուները կունենան լուրջ հաջողություններ,  և ակնկալում ենք հաղթանակ երկու թեկնածուներից», -այսօր կայացած ՀՀԿ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով,  Ռոբերտ Սարգսյանի ընտրության հարցում հաշվի են  առել ՀՀԿ տարածքային կառույցի դիրքորոշումը և առաջադրել են՝  նկատի ունենալով նրա պարկեշտությունը, փորձը և թիմի հետ երկարամյա աշխատանքը. «Կարծում եմ, որ  դեկտեմբերի 2-ին ՀՀԿ-ն կհամալրվի ևս երկու պատգամավորներով»:

Հարցին, թե  Ռոբերտ Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի ազգակա՞նն է , պարոն Շարմազանովը պատասխանեց. «Եթե կնոջ բարեկամը ազգականն է,  ուրեմն ազգականն է»: Ռուբեն Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրն է:

Տեսանյութը՝ aravot.am-ի

Նախորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Բեգլարյանի եղբայրը մի քիչ բիզնեսով կզբաղվի’
Հաջորդ հոդվածը‘Հալեպում կրկին հայեր են զոհվել’