‘
Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության հրամանատար երկիր հանդիսացող Իտալիան պաշտոնապես դիմել է Հայաստանին՝ առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու առաջարկությամբ, որը պետք է իրականացնի առաքելության կենտրոնակայանի անվտանգության ապահովման գործառույթներ:
Այս պահին ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու վերաբերյալ ընթանում են բանակցություններ ՄԱԿ-ի և Իտալիայի ՊՆ-ի հետ՝ զորախմբի կառուցվածքի, տեղակայման վայրի, խնդիրների, թիկունքային ու տեխնիկական ապահովման և այլ խնդիրների շուրջ: Բանակցությունների նպատակով հաջորդ շաբաթ Հռոմ կմեկնի ՀՀ ՊՆ մասնագիտական աշխատանքային խումբը, որին կհաջորդի ՀՀ ԶՈւ ԳՇ պետի այցը Իտալիա: Նախատեսվում է, որ արդեն այս տարվա ընթացքում Լիբանան կգործուղվի 2 հայկական խաղաղապահ դասակ:
2012 թվականից Լիբանանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության կազմում ներգրավված է ՀՀ ԶՈւ մեկ սպա: Ի դեպ` Մալիում իրականացվող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը ներգրավվելու առաջարկ ՄԱԿ-ի կողմից նույնպես ստացվել է, և որոշում է կայացվել այս փուլում բանակցել առաքելությանը միայն հայ ռազմական դիտորդներ տրամադրելու շուրջ:
‘