‘
ԱԺ ‹‹Ժառանգություն›› խմբակցության քարտուղար, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը պատգամավորական հարցում է ուղարեկլ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Պատգամավորը մի շարք հարցեր է ուղղել վարչապետին կապված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Դիմումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
04 հունիսի 2013
ԺԽ-Ե-150/13
Պարոն Տիգրան Սարգսյանին
ՀՀ վարչապետ
Երևան, Հայաստանի Հանրապետություն
Պատգամավորական հարցում
Հարգելի պարոն Սարգսյան,
Սույն թվականի հունիսի 1-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներից տեղում մահացած Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանի և նրա եղբորը՝ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանին ծանր հրազենային վնասվածքներ պատճառելու հետևանքով 03.06.2013 թվականին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը http://syunik.gov.am/ կայք-էջում հանդես է եկել հետևյալ հատարարությամբ` «Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»: Մանրամասները՝ տես այստեղ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով՝ խնդրում եմ հնարավորինս շտապ տրամադրել պատասխան հետևյալ հարցերի վերաբերյալ.
1. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շարունակում է կատարել մարզպետի լիազորությունները, թե ոչ:
2. Վերադաս մարմնից ստացած թույլտվության մասին Դուք տեղեկացված եք, թե ոչ, եթե այո, ապա որ վերադաս մարմնի մասին է հայտարարում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և որոնք են այդ թույլտվության իրավական հիմքերը:
3. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գտնվում է արձակուրդի մեջ, թե ոչ:
4. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատանքից բացակայելու հիմքերի մասին, որևէ փաստաթուղթ ներկայացրել է, թե ոչ, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել փաստաթղթի պատճեն:
5. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատման մասին կառավարության որոշում առկա է, թե ոչ, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել որոշման պատճեն:
6. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատման մասին կառավարության որոշում եթե առկա է, ապա այն, համաձայն ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի, ուղարկվել է վավերցաման, թե ոչ:
‘