‘Իշխանությունները պատրաստվում են ֆորս-մաժորի’

1934

Օֆշորային սկանդալների, կոռուպցիոն բացահայտումների և ներքաղաքական լեզվակռվի ծխածածկույթի տակ մի տեսակ երկրորդ պլան է մղվում հիմնական հարցը՝ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում, պարզ ասած՝ դեպի ո՞ւր է գնում Հայաստանը, և ի՞նչ է սպասվում մեզ արտաքին և ներքին «ճակատներում»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը կարծես թե ուրախացրել է հայ փորձագետներին: Կարծիքներ են հնչում, թե ադրբեջանցիների պորտը տեղը դրեցին, պատերազմի վերսկումը որոշ ժամանակով հետաձգվեց և այլն: Սա ասում են այն նույն մարդիկ, ովքեր միանգամայն իրավացիորեն պնդում են, որ Ադրբեջանը պատերազմը չի վերսկսում միայն մի պատճառով՝ որովհետև առայժմ վճռական առավելություն չունի և վստահ չէ, որ կհաղթի: Այսինքն՝ հենց որ այդ առավելությունն ունեցավ, անմիջապես կվերսկսի պատերազմը: Այդ նույն ժամանակահատվածում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը թանկացնում է Հայաստանին վաճառվող գազը, ինչի արդյունքում տարեկան մոտ 180-200 միլիոն դոլար հավելյալ գումար կստանա (կանխիկ, թե «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի ձևով՝ տվյալ դեպքում էական չէ): Բայց այդ 200 միլիոն դոլար հավելյալ եկամտի պատճառով Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի բնակչությունը կնվազի մոտ 100 հազարով: Ստացվում է «շունչը 2 հազար դոլար»: Թանկ չէ: Տխուր վիճակագրություն է, իհարկե, բայց եթե շուկայական հարաբերություններ են՝ դա էլ պիտի հաշվել: Ղարաբաղյան պատերազմի տարիներին հայկական կողմը տվել է մոտ 10 հազար զոհ (այլ աղբյուրներ նշում են 12 հազար թիվը): Պատերազմի վրա Ադրբեջանը ծախսել է 2-2,5 միլիարդ դոլար: Ստացվում է, որ մեկ հայ ոչնչացնելու վրա Ադրբեջանը ծախսել է միջին հաշվով 200 հազար դոլար: Զուգահեռներ չենք անցկացնում, բայց ֆինանսական տեսանկյունից Ռուսաստանի գործունեությունը ուղիղ հարյուր անգամ ավելի «արդյունավետ» է: Ի դեպ՝ զարմանալի զուգադիպությամբ, հենց այն պահին, երբ Մինսկի խմբի համանախագահները խոսում են ռազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիության մասին, համանախագահ երկրներից մեկը (Ռուսաստանը) սկսում է Ադրբեջանին մեկ միլիարդ դոլարի զենք մատակարարել:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում այդ օրերին Հայաստանում: Գեներալ Մանվելը հանկարծ հայտնվում է ԱԺ ամբիոնի մոտ ու սկսում պատմել, թե ինչպես էին իրենք պատերազմի ամենածանր օրերին Երևանի փողոցներից ու մետրոներից ում ասես հավաքում և ուղարկում ճակատ, թե ինչպես էին այդ բացարձակապես անփորձ երիտասարդները զոհվում հենց առաջին կամ երկրորդ օրը, ու թե ինչպես էին նրանց ուղղաթիռներով բերում Երևան ու թաղում Եռաբլուրում: Սա ասում  է մուլտիմիլիոնատեր Մանվելը, և ասում է անսահման հպարտությամբ: Եվ վկա է բերում մուլտիմիլիոնատեր Շմայսին: Մուլտիմիլիոնատեր Սեյրանն էլ հետևում է, որ բոլորն ուշադիր լսեն և ծափ տան:

Ուրիշ բաներ էլ են տեղի ունենում Հայաստանում: Նույնիսկ պաշտոնական կանխատեսումների համաձայն, հուլիսի 1-ից էական գնաճ է սպասվում, ինչի արդյունքում սոցիալական լարվածությունը կտրուկ մեծանալու է: Ուշադրություն դարձրեք՝ կառավարությունը չի էլ թաքցնում, որ նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով բարձրացնելը որևէ լուրջ բան չի փոխելու, իսկ ահա փոքր և միջին բիզնեսի հարկային բեռն ավելանալու է: Դրան զուգահեռ՝ Երևանի մերձակայքում ոստիկանությունը զորավարժություններ է անցկացնում, որի «թեման» այն է, թե ինչպես պիտի ոստիկանությունը ցրի «ազատություն» վանկարկող ցուցարարներին, որ հնարավորինս քիչ տուժածներ լինեն: Համաձայնվեք՝ շատ ուշագրավ զորավարժություն է: Մանավանդ որ առաջիկա չորս տարիներին Հայաստանում համապետական ընտրություններ չեն լինելու:

Հիմա եկեք համադրենք այս փաստերը: Հայաստանի բնակչությունը նվազում է, սոցիալական լարվածությունն աճում է, Ռուսաստանն Ադրբեջանին մեծ ծավալի ժամանակակից զենք է վաճառում, ոստիկանությունը «պարապում է», թե ինչպես պիտի ցրի բողոքի ցույցերը… Համաձայնվեք՝ այս ամենը մի տեսակ չի բռնում «դեպի ապահով Հայաստան» կարգախոսի հետ: Բայց մեզանում այս թեմաներով խոսելն ընդունված չէ: Վերահսկիչ պալատի բացահայտումների թեման ավելի հարմար է: Մանավանդ որ «որոշ անպատասխնատու չինովնիկներ» անպայման կպատժվեն: Բայց՝ շատ դանդաղ, փուլային տարբերակով: Որպեսզի հասարակության ուշադրությունը հնարավորինս երկար ժամանակ շեղվի հիմնական խնդրից՝ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկայում:

Մարկ Նշանյան

«Չորրորդ ինքնիշխանություն»

Նախորդ հոդվածը‘Մարզական հավաք Հանքավանում’
Հաջորդ հոդվածը‘Նոր նշանակում ՊՆ-ում’