‘
Թուքական իշխանությունները որոշել են փոխել բանակի կանոնակարգը՝ զինվորականներին զրկելով պետական հեղաշրջում կազմակերպելու իրավունքից: Համապատասխան փոփոխությունները հունիսի 27-ին Թուրքիայի կառավարությունը ներկայացրել է խորհրդարանի քննությանը: Այս մասին տեղեկացնում է Hurriyet Daily news-ի կայքը:
Փոփոխություններով սահմանափակվում է զինվորականների մասնակցությունը ներքաղաքական կյանքին, և նրանց հիմնական խնդիրն է դառնում Թուրքիայի պաշտպանությունն արտաքին սպառնալիքներից: Օրինագիծը խորհրդարանում կքննարկվի այս տարվա աշնանը՝ ամառային արձակուրդից հետո:
Թուրքական բանակին հեղաշրջում անելու իրավունք տրվել է 1960 թ., հիշեցնում է Reuters-ը: Դրանից հետո զինվորականներն իշխանությունը փոխել են չորս անգամ:
Թուրքիայի կառավարությունն օրենքի այս լրացումները պատրաստել է այս տարվա մայիսին երկրում ծայր առած զանգվածային հուզումների ֆոնին, փոխանցում է lenta.ru-ն:
‘