‘
Հունիսի 28-30-ը Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ «Լիբերալիզմի հիմնական սկզբունքները» թեմայով սեմինարներ են անցկացվել հանրապետության շրջաններում: Ծրագիրը իրականացվել է Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատական ալյանսի համագործակցությամբ: Եռօրյա սեմինարներն անցկացվել են Վանաձորում, Գյումրիում և Աբովյանում: Սեմինարների շրջանակներում դասախոսություներով է հանդես եկել Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատական ալյանսի քաղաքական բաժնի ղեկավար Ֆիլիպ Հանսենը:
iLur.am-ի լրագրողի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը նշեց, որ նման ծրագրերի իրականացումը հատկապես մեծ նշանակություն ունի Հայաստանի շրջաններում ապրող երիտասարդների համար: «Նման ծրագիր իրականացնելու գաղափարը ծնվել է դեռ մեկ-երկու տարի առաջ, և վերջապես այս տարի հնարավոր դարձավ դրա իրականացումը: Գյումրիում, Վանաձորում և Աբովյանում տեղի ունեցած սեմինարներին մասնակցել են առնվազն 10 շրջանների երիտասարդներ: Ծրագրի հիմնական նպատակը ազատական գաղափարների տարածումն էր և Հայաստանի Հանրապետությանը առնչվող խնդիրների քննարկումը ազատականության տեսանկյունից»,- նշեց Արամ Մանուկյանը:
Աբովյանում անցկացված սեմինարին մասնակից Վահան Մարկոսյանը նշեց, որ շատ կարևոր է քաղաքական ուժի գաղափարային հիմքերի ուսումնասիրությունը և այդ հիմքերի տեսանկյունից արդի քաղաքական խնդիրներին պատասխաններ փնտրելը:
‘