‘
Հունիսի երկրորդ կեսին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն էր տվել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արտյուշա Ղուկասյանին՝ հանձնարարականների թերի կատարման համար:
Բանն այն է, որ սույն թվականի մարտին մի խումբ երիտասարդ գիտնականներ դիմել էին կրթության նախարարին՝ ԲՈՀ-ի կանոնակարգում փոփոխություններ կատարելու առաջարկներով, որոնք, մասնավորապես, վերաբերում էին գիտական կոչում ստանալու, գիտական թեզը պաշտպանելու գործընթացը ավելի թափանցիկ դարձնելուն, ինչպես նաեւ միջազգային պարբերականներում տպագիր հոդված ունենալը պարտադիր դարձնելուն:
Նախարարը հանձնարարել էր ԲՈՀ-ի նախագահին զբաղվել երիտասարդ գիտնականների առաջարկություններով: Հենց այդ հանձնարարականի թերի կատարմանն էլ վերաբերում է նկատողությունը: Արտյուշա Ղուկասյանը հայտարարել է, որ նկատողությունը ոչ իրավաչափ է:
Ըստ նրա՝ գիտական աստիճանաշնորհման գործընթացում փոփոխություններ կարող է կատարել միայն ՀՀ կառավարությունը, որին իրավասու է դիմել կրթության նախարարությունը եւ ոչ թե Բարձրագույն որակավորման հանձանժողովը, հետեւաբար՝ ինքը չէր կարող դիմել, որպեսզի Կառավարությունը փոխեր գիտական աստիճաններ շնորհելու կարգը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցյում ասել էր Արտյուշա Ղուկասյանը, առաջարկություններ ներկայացնել ինքը չէր կարող, իսկ երիտասարդների առաջարկի վերաբերյալ քննարկում կազմակերպվել է ԲՈՀ-ում, որին մասնակցել են ոչ միայն առաջարկություններով հանդես եկած գիտնականները, այլեւ գիտնականների մեկ այլ խումբ՝ Ազգագրության ինստիտուտից, որոնք համաձայն չեն երիտասադ գիտնականների առաջարկներին:
Արտյուշա Ղուկասյանն ավելացրել է նաև, որ իրեն պետք է շնորհակալություն հայտնել այդ հարցով զբաղվելու համար, ոչ թե հակառակը:
Այնինչ հուլիսի 4-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Արտյուշա Ղուկասյանի նկատմամբ «շնորհակալության» փոխարեն կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն:
‘