‘Խմբագրական. Մի «աննշան» դրվագ այն մասին, թե ուր էինք և ուր հասանք’

2133

88-ի Շարժումը, ամեն ինչից զատ, Ազատության հրապարակն իրենց տունը դարձրած Սովետմիության հայաստանյան թևի քաղաքացիներիս համար մի յուրօրինակ դպրոց էր: Մենք միայն Լեռնային Ղարաբաղի, իսկ հետո նաև Հայաստանի ազատության համար չէինք պայքարում: Մենք պայքարում էինք նաև մեր հոգիներում վաղուց ի վեր բնավորված կարծրատիպերի դեմ: Հարթակում կանգնած և մեզ առաջնորդող «Ղարաբաղ» կոմիտեն էր մեր ուսուցիչը, և գուցե մի օր գտնվի մեկը, որը հատ-հատ հասարակությանը ներկայացնի, թե ինչ բեկումնային դեր կատարեց Կոմիտեն՝ Հայոց պատմության եղերական էջերը հայերիս «ընտրյալության» ապացույց համարողներիս կյանքում:

Շատերը կհիշեն, որ Շարժման առաջին օրերին մեր բանուգործը լացուկոծն էր: Հավաքվում էինք Հրապարակում, Ղարաբաղից ժամանած մեր հայրենակիցները պատմում էին, թե տարիներ շարունակ ինչպես են ադրբեջանցիները նվաստացրել հայերիս, ում՝ որտեղ և ինչպես են խոշտանգել ու սպանել, մենք էլ՝ շատ զգացմունքայիններս, աղեկտուր ու ամենքին ի տես լաց էինք լինում, իսկ քիչ թե շատ հավասարակշռվածներն էլ նույնն անում էին աչքից հեռու:

Արդեն բավական ժամանակ էր անցել, արդեն Սումգայիթն էլ էինք «մարսել», արդեն մեր դարավոր բարեկամ մեծ ազգի հանդեպ երախտագիտության զգացումն էլ էր մի անկյուն քաշվել և սսկվել, ռուսախոսները դադարել էին հայախոսներիս «վերին հարկերից» արհամարհանքով չափչփել… Մի օր էլ հարթակ բարձրացավ ադրբեջանական բանտից մազապուրծ եղած մեր հայրենակիցներից մեկը և սկսեց պատմել, թե իր նկատմամբ ինչ գազանություններ են արել: Դեռ նոր էր սկսել պատմել, մեկ էլ՝ ապշեցուցիչ բան կատարվեց. Ազատության հրապարակի մարդկային օվկիանոսը նախանձելի միասնությամբ բացականչեց՝ մի´ պատմի՜ր, մի´ պատմի՜ր…

Դա այն նույն ժողովուրդն էր, որը ժամեր և օրեր շարունակ համբերությամբ լսում էր բոլոր սահմռկեցնող պատմությունները, լսում էր ու ողբում, լսում էր ու հպարտանում, որ ինքն, ահա´, այսպիսի «մի հատիկ» ժողովուրդ է, որին հասնող-չհասնողը տանջում է, խոշտանգում է, նվաստացնում է ու սպանում:

«Մի´ պատմիր»,- ընդվզեց Հրապարակը, ադրբեջանական բանտում դժոխային ամիսներ անցկացրած մեր հայրենակիցն էլ շփոթված լռեց, և բոլորս հասկացանք, որ մենք մի կարևոր հանգրվան ենք հաղթահարել, մենք այլևս բզկտված ժողովուրդ լինելը արժանիք չենք համարում, մենք այլևս արցունքի հեղեղներից հաճույք չենք ստանում, մենք այլևս նախկինը չենք:

Սա Ղարաբաղյան շարժման մեր անցած ճանապարհի ամենաարժեքավոր ձեռքբերումն էր, որը պահպանվեց մինչև ռոբասերժական իշխանության հաստատումը: Երբեմն դանդաղ և աննկատ, երբեմն կոպտորեն ու լկտիաբար՝ այս իշխանությունները Հայաստանի արժանապատիվ քաղաքացուն կրկին հրեցին դեպի 88-ի այն շրջանը, երբ ողբուկոծը մեր «ընտրյալության» վառ ապացույցն էր ու հպարտության գրավականը:

Դիմադրողներ, իհարկե, կան: Շատ են, թե քիչ՝ պատասխանը պարզ է. եթե շատ լինեին, այսօրվա իշխանությունները հիմա բանտախցերում սպասելիս կլինեին արդար դատավճռի, ոչ թե հեծած կլինեին Հայաստանի «հպարտ» քաղաքացիներին:

Նախորդ հոդվածը‘Վարդենիսում տուն է այրվել’
Հաջորդ հոդվածը‘2022 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի ձմռա՞նը’