‘
Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 17-ին, ընդունել է «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոնները»:
Ըստ այդմ՝ Հայաստանում շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգը (MNP ծառայություն) կգործարկվի 2014 թվականի հունվարի 1-ից:
MNP -ն (Mobile Number Portability) բաժանորդներին թույլ է տալիս օպերատորին փոխելուց հետո պահպանել համարը:
Սահմանվել է, որ համարի տեղափոխելիության ծառայությունը Բաժանորդի համար անվճար է եւ դրանից օգտվելու Բաժանորդի իրավունքը Օպերատորների կողմից չի կարող սահմանափակվել:
Համարի տեղափոխման գործընթացն իրականացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ Բաժանորդի կողմից ավելի ուշ ժամկետ սահմանելու դեպքի, որը չի կարող գերազանցել 30 օրը:
Խոսքը գնում է համարի այն տեղափոխության մասին, որի արդյունքում բաժանորդը կարողնում է տեղափոխել համարը ամբողջությամբ: Օրինակ, եթե դուք այժմ Օրանժի բաժանորդ եք և ձեր համարն է 055 xx-xx-xx, ապա դուք կարող եք տեղափոխել ձեր 055 xx-xx-xx համարը, բայց լինեք մեկ ուրիշ օպերատորի բաժանորդ:
‘