‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ցուցարարներն անժամկետ նստացույց են հայտարարել Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ։ Նրանք պահանջում են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները, ովքեր այս վերջին օրերին անպարկեշտ գործելաոճ էին դրսևորել։ Ցուցարարները նստած էին քաղաքապետարանի սիզամարգերի վրա, սակայն քիչ առաջ միացրել են ոռոգման համակարգը, որն էլ սկսել է ջուր ցողել ցուցարարների վրա։
–Մեզ ոչ մի բան չի՛ կանգնեցնի,–սկսել են բղավել նրանք և ի նշան բողոքի՝ մտել ջրի շիթերի տակ ու սկսել պարել։
Սա ուղեկցվել է «Ամո՜թ», «Լողացե՜ք, ջուրը ձրի ա» բացականչություններով։
Այս ամենին հեռվից հետևող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարբերաբար գլուխը դժգոհությամբ տարուբերել է և ճպպացրել։ Իսկ որոշ ժամանակ անց նկատողություն է արել քաղաքապետարանի մոտ կայանած մեքենաներից մեկի վրա նստած կիթառ նվագող երիտասարդին։
–Բա ո՞ւր ա ձեր գաղափարը, քոնն ա՞, որ նստել ես։ Թողե՛ք, թող մոտ գա, մի հատ էլ գեներալին խփի՛,– բորբոքվել է փոխոստիկանապետը։
Երիտասարդն էլ Օսիպյանին մեղադրել է սադրանք հրահրելու մեջ։
www.7or.am
‘