‘
Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը, սնկային մենինգիտի համաճարակի առնչությամբ Ֆլորիդայի առողջապահության վարչության «թեժ գծի» հեռախոսահամարը տալու փոխարեն՝ սխալմամբ նահանգի բնակիչներին է փոխանցել «սեքս՝ հեռախոսով» ծառայության հեռախոսահամարը: Այս մասին հաղորդել է WSUF ռադիոկայանը, որի եթերից է նահանգապետը ելույթ ունեցել: Ռադիոկայանի ունկնդիրները նրա ելույթից հետո փորձել են զանգահարել այդ հեռախոսահամարով, սակայն լսափողի մեջ լսվել է կանացի ձայն.«Ողջույն, տղաներ, այսօր իմ ծննդյան տարեդարձն է: Շնորհակալ եմ, որ զանգահարել եք»: Դրանից հետո զանգահարողներին առաջարկվել է, համապատասխան կոճակները սեղմելով՝ ընտրել զանազան ծառայություններ:
Ռադիոունկնդիրների բողոքներից հետո ռադիոկայանն այդ մասին հայտնել է նահանգապետի մամլո ծառայությանը: Առաջին եթերից 20 րոպե անց Սքոթը կրկին եթեր է դուրս եկել և հայտնել ճիշտ հեռախոսահամարը:
‘