‘
Կովկասի մուսուլմանների վարչութունը (ԿՄՎ-Ադրբեջանի մուսուլմանների գերագույն վարչական մարմինը) բողոքարկել է ադրբեջանական աստղադիտարանի հայտարարությունը՝ կապված նոր լուսնային ամսվա մեկնարկի հետ, այս մասին հայտնում է Lenta.ru-ն, վկայակոչելով APA գործակալությունը: Վարչության ղեկավարության համոզմամբ՝ նման ամսաթվեր սահմանելիս պետք է հաշվի առնել հավատացյալների կարծիքը:
Ավելի վաղ Շամախիի աստղաֆիզիկական աստղադիտարանի փոխտնօրեն Խըդըր Միքաիլովը հայտարարել է, որ Ռամազան ամսվանից հետո նորալուսին կլինի օգոստոսի լույս 7-ի գիշերը՝ ժամը 05:52-ին: Նրա խոսքով՝ նորալուսինը մարդիկ կարող են տեսնել դրանից մի քանի օր հետո:
Այս առիթով իր վրդովմունքն է հայտնել ԿՄՎ փոխնախագահ Հաջի Ֆուադ Նուրուլլահը, որը հայտարարել է, որ աստղադիտարանի տվյալները կարող են միայն մոտավոր լինել:
«Դա միայն Ալլահին է հայտնի: Եթե Ալլահը չթարմացնի Լուսինը, ինչպե՞ս կարող են մարդիկ նախօրոք իմանալ դրա մասին: Ինչպե՞ս կարող են ենթադրել: Նրանք, ինչպես եւ աստղադիտարանը, մաթեմատիկական հաշվարկի միջոցով կարող են հաշվարկներ կատարել, եւ դա հնարավոր է միայն մեզ հետ համատեղ»,- բացատրել է հոգեւորականը:
Բանն այն է, որ Կովկասի մուսուլմանների վարչութունը ավելի վաղ օրացույց էր հրատարակել, համաձայն որի՝ Ռամազանի վերջին օր է համարվում օգոստոսի 8-ը:
Իսլամական օրացույցը հաշվարկվում է Լուսնի փուլերի հիման վրա: Մեկ ամսվա տեւողությունն, ըստ այդ օրացույցի՝ 29 կամ 30 օր է: Նոր ամիսը մեկնարկում է Լուսնի մահիկի երեւալու պահից: Որոշ մահմեդական երկրներում լուսնային օրացույցը գործում է պաշտոնապես:
‘