‘
Նախօրեին Թուրքիայի օդային տարածքից բերման ենթարկված Մոսկվայից Դամասկոս ուղեւորվող ինքնաթիռում հայտնաբերվել են ռուսաստանյան արտադրության ռադիոտեղորոշման սարքավորուներ, որոնց հասցեատերը Սիրիայի պաշտպանության նախարարությունն էր, РИА-Нововсти-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա նշել որ տեղի ունեցածը քաղաքավիական ավիացիայի մասին միջազգային իրավունքի նորմերի խախտում է, այդ պատճառով էլ թուրքական իշխանությունները ստիպել են ինքնաթիռի անձնակազմին՝ վայրէջք կատարել Անկարայում:
Ըստ BBC-ի, արգելված բեռն առգրավելուց հետո թուրքական իշխանությունները մի քանի ժամվա ընդմիջումից հետո թույլատրել են շարունակել թռիչքը:
Միջադեպի կապակցությամբ Անկարայում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն՝ պարզաբանումներ տալու:
Միաժամանակ, Ռուսաստանի ԱԳ նախարարությունն անհանգստություն է հայտնել, որ միջադեպի պատճառով չվերթի քաղաքացիական ուղեւորների, այդ թվում՝ 17 ռուսաստանցիների առողջությանը վնաս է հասցվել: Հարկադրական դադարի ընթացքում նրանց չեն կերակրել, եւ չեն թույլատրել տեսակցել Անկարայում հավատարմագրված ռուս դիվանագետների հետ:
Ինքնաթիռի հետ կապված միջադեպը նոր լարվածություն է առաջացրել Թուրքիայի եւ սիրիայի հարաբերությունների մեջ: Սիրիայի տրանսպորտի նախարար Մուհամմեդ Սաիդը թուրքերին մեղադրել է «օդահենության» մեջ՝ նշելով, որ Անկարան խախտում է քաղավիացիայի ոլորտում երկկողմ պայմանավորվածությունները:
‘