‘
Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսօր Տարոն Մարգարյանի և «Աքսիս քորփորեյթ» իսպանական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում քննարկվել են քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում մասնագիտացած ընկերության հետ հնարավոր համագործակցության հարցեր:
Մարգարյանը ասել է, թե Երևանի քաղաքապետարանն այսօր հետաքրքրված է, մասնավորապես, հասարակական տրանսպորտի ոլորտում միասնական տոմսի ներդրման հարցում և հույս է հայտնել, որ իսպանական փորձառու ընկերությունը կկարողանա որոշակիորեն օգտակար լինել այդ հարցում:
Ի դեպ, երբ սկսվեցին տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաները, եւ Տարոն Մարգարյանը ժամանակավորապես կասեցրեց թանկացման վերաբերյալ իր իսկ որոշումը, շատերը կասկած հայտնեցին, որ հարցը լուծվելու է հենց միասնական տոմսերի ներդրմամբ: Այսինքն, եթե ներդրվեն այդպիսի տոմսեր, եւ դրանից հետո տրանսպորտի գինը դարձնեն 150 դրամ, ապա դրանից հետո առավել դժվար կլինի մտնել երթուղային եւ վճարել 100 դրամ: Ակտիվիստները, թերեւս այս հարցը պետք է ուշադրության կենտրոնում պահեն:
‘