‘Սեյրան Օհանյան. 2008-ի մարտին ԼՂ պաշտպանության նախարարին հրամայեցի հետ վերցնել Լեւոնարխի դիրքերը’

2384

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երիտասարդական ճամբարում երեկ պատմել է, թե ինչպես է չեզոքացվել 2008-ի մարտի 4-ի գիշերը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի ուղղությամբ հակառակորդի կազմակերպած դիվերսիան:

«Հեռախոսը վերցրեցի եւ ԼՂ պաշտպանության նախարարին ուղղակի ասացի՝ «հրամայում եմ հետ վերցնել դիրքը»: Եւ մեր հասարակ զինվորները 2-3 ժամվա ընթացքում այդ դիրքը հետ վերցրեցին: Արդյունքում, հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ունեցան 19 զոհ, մեր կողմից՝ ունեցանq երկու վիրավոր», — ասել է Օհանյանը:

Նշենք, որ Սեյրան Օհանյանը այդ օրերին ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետն էր, եւ դե յուրե, ի պաշտոնե իրավասություն չուներ ուղղակի հրաման տալու ԼՂՀ պաշտպանության նախարարին: Թե ինչպիսի փաստացի աստիճանակարգ է գործում հայկական բանակում, թերեւս, հրապարակման ենթակա չէ, սակայն ուշագրավ է, որ Սեյրան Օհանյանը այս հայտարարությունն անում է լրատվամիջոցների ներկայությամբ: 

Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 3-ի լույս 4-ի գիշերը, երբ Երեւանում Մարտի 1-ի սպանդից առաջ իշխանությունները արտակարգ դրություն էին հայտարարել, ադրբեջանական հատուկ ստորաբաժանումը Մարտակերտի Լեւոնարխ գյուղի ուղղությամբ ներխուժել էր պաշտպանական դիրքեր ու գրավել դրանցից մեկը: Մի քանի ժամ անց ՊԲ ուժերը հակառակորդին հետ էին շպրտել: 

Տեսանյութը՝ Aravot.am-ի

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով դատաքննությունն ավարտվեց’
Հաջորդ հոդվածը‘Made in China. Չինական գազանանոցը շանը առյուծ էր ներկայացնում, մինչեւ այն սկսեց հաչալ ‘