‘Դաշնակցությունը Սյունիքում թեկնածու չի առաջադրում, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք չբաժանի’

1170

Դաշնակցությունը թեկնածու չի առաջադրել թիվ 38 ընտրատարածքում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց քննարկելու են ոչ իշխանական թեկնածուին սատարել-չսատարելու հարցը եւ հանդես են գալու հայտարարությամբ:

NEWS.am-ի  փոխանցմամբ, ՀՅԴ Սյունիքի մարզային կառույցի ներկայացուցիչ Արմենակ Ստեփանյանը հայտարարել է, որ կոկւսակցությունը հակված է կոչ անել իր ընտրազանգվածին չմասնակցել ընտրություններին, կամ էլ մասնակցության դեպքում դեմ քվեարկել իշխանական թեկնածուին:

«Մենք դեմ ենք այդ ընտրություններին, որովհետեւ նույն անճշտությունները կլինեն: Մենք կոչ ենք անելու մեր ընտրազանգվածին չմասնակցել այդ ընտրություններին, ոչ մի բան չի փոխվելու, «Ժառանգության» թեկնածուին էլ ենք ասել` չառաջադրվել, որովհետեւ ընդհանրապես շանս չունի, դեռ մեր թեկնածուն կարող էր ինչ-որ մի բան փոխել, պայքար կլիներ, բայց միեւնույն է, անճշտություններ, կեղծիքներ կլինեին, լծակներ կօգտագործեն, բան չի փոխվել մեր երկրում»,- ասաց Արմենակ Ստեփանյանը:

Չի բացառվում նաեւ, որ Սյունիքում ՀՅԴ-ն սատարի ոչ իշխանական թեկնածուին, օրինակ` «Ժառանգությունից» առաջդրված Սամվել Հայրապետյանին: 

ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով, ՀՀԿ-ն բնակչությանը պարտադրում է մի թեկնածուի, որի նկատմամբ քաղաքացիներն արդեն իրենց բացասական վերաբերմունքն արտահայտել են՝ նրա դեմ քվեարկելով անցյալ տարի տեղի ունեցած Կապանի քաղաքապետի ընտրություններում:

«Եթե մեր թեկնածուն առաջադրվեր, պիտի Մաքսիմ Հակոբյանը (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայրը-խմբ)մի 3-4 միլիոն դոլար էլ ավել փող ծախսեր, դրանք մեր բոլորիս փողերն են, խի՞,  թույլ տանք ընտրակաշա՞ռք տա, մեր ժողովրդին կաշառի՞», — նշել է ՀՅԴ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքից պատգամավորական մանդատը ազատ է մնացել այն բանից հետո, երբ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում: 

Նախորդ հոդվածը‘Ցուցարարներին բերման են ենթարկել ՌԴ դեսպանատան մոտ հեծանիվ վարելու համար’
Հաջորդ հոդվածը‘ԿԽՄԿ բաքվի գրասենյակի ներկայացուցիչները վաղը կհանդիպեն հայ ռազմագերուն’