‘
Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կհանդիպի սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում: Այս մասին այսօր հաղորդել է իսրայելական անանուն աղբյուրը, որին հղում է անում Jerusalem Post-ը: Հանդիպումը, որն առայժմ չեն հաստատում Նեթանյահուի պաշտոնական ներկայացուցիչները, կընդգրկվի Իսրայելի առաջնորդի՝ ՄԱԿ-ի ամենամյա գլխավոր ասամբլեայի նյույորքյան այցի ժամանակացույցի մեջ: «Ես մտադիր եմ կենտրոնանալ Իրանի միջուկային ծրագրի քննարկման վրա: Միայն հուսալի ռազմական սպառնալիքը կարող է հանգեցնել դիվանագիտական գործընթացի, ինչը թույլ կտա զինաթափել Իրանին»,- հայտարարել է Նեթանյահուն:
Ուշագրավ է, որ Օբամայի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հանդիպում տեղի չի ունենա, թեպետ շատերը կարծում էին, որ այդպիսի հանդիպումը կարող է դառնալ «Ասամբլեայի գլխավոր տեսարժան իրադարձությունը»: Վաշինգտոնի և Թեհրանի հավանական մերձեցման ֆոնին Նեթանյահուն պայմաններ է դրել, որոնք պետք է առաջադրվեն Իրանի միջուկային ծրագրին: «Կա չորս քայլ,- ասել է Նեթանյահուն:- Նախ՝ ուրանի հարստացման բոլոր գործողությունների դադարեցում, երկրորդ՝ Իրանից ուրանի դուրս բերում, երրորդ՝ Կումայում միջուկային օբյեկտի փակում, և չորրորդ՝ պլուտոնիումի հարստացման դադարեցում: Իրանի նկատմամբ ճնշումը պետք է խստացվի, քանի դեռ այս չորս պայմանները կատարված չեն»:
ՄԱԿ-ի աղբյուրները պնդում են, որ Նյու Յորքում շատերն են «հերթ կանգնել»՝ Իրանի նոր նախագահի և արտգործնախարարի հետ հանդիպելու համար: Հայտնի է, որ Ռուհանին պլանավորել է Նյու Յորքում հանդիպումներ ունենալ ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունների և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ, թեև առայժմ հայտնի չէ՝ այդ նիստին ներկա կլինի՞ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, թե՞ ոչ, փոխանցում է MIGnews-ը:
‘