‘
iLur.am-ի զրուցակիցն է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը
— Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներից Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված սկանդալային հարցադրումը, առավել եւս, երբ նրան ձայնի իրավունքը զիջել է ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը:
— Նախ ասեմ, որ Արփինե Հովհաննիսյանն այդտեղ կապ չունի: Իմ որոշումն է եղել: Զարուհի Փոստանջյանի հարցը չեմ իմացել, ոչ էլ թույլ կտայի ինձ՝ նախապես իրենից ճշտելու հարցի բովանդակությունը: Տվյալ դեպքում խոսքը ընդդիմությանը մեր կողմից քաղաքակիրթ վերաբերմունքի մասին է: Զարուհին նախկինում շատ սուր քննադատական ելույթներ է հնչեցրել իշխանության հասցեին: Եվ բոլոր նման դեպքերում նա միշտ իմ հանձնարարությամբ փոխարինել է հիմնական կազմից որևէ մեկին, ով այդ նիստում ելույթ կամ հարց չի ունեցել: Հաճախ ես եմ տվել իրեն իմ ձայնը: Ես նրան նման հնարավորություն ընձեռելու պարտականություն չունեմ, սա ընդամենը քաղաքակիրթ աշխատաոճ է: Ընդդիմությունը ևս քաղաքական ուժ է, որի ձայնը պետք է հնչի նաև այս վեհաժողովում:
— Այսինքն՝ այս հարցադրումն անկանկա՞լ էր ձեզ համար:
— Իհարկե, ես չէի սպասում,
որ նա այս աստիճան կնսեմացնի ընդդիմության դերը: Ցավում եմ, որ նա այդպես էլ դա չգիտակցեց: Իր արածն ավելի PUSSY RIOT-ի ոճով էր:
— Տեսակետ կա, որ այս ամենը նախապես կազմակերպված շոու էր՝ հասարակության ուշադրությունը մի շարք հարցերից, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի ելույթի հակասական շեշտադրումներից շեղելու համար:
— Ապուշություններ մեկնաբանելուց մարդ ծերանում է: Չեմ ուզում մեկնաբանել:
— Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է ԵԽԽՎ պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու եւ Զարուհի Փոստանջյանին պատվիրակության կազմից հանելու մտադրության մասին: Որպես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ինչպես եք գնահատում այդ մտադրությունը, որքանով եք ճիշտ համարում Փոստանջյանին փոխարինելը:
— Ես այդ որոշումը ճիշտ եմ համարում: Կարծում եմ՝ ճիշտ է վարվել:
Արման Գալոյան
‘