‘
Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Բիրյուլյովո շրջանում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով ավելի քան 70 մարդ պարտավոր է դատարան ներկայանալ: Երկու ամենաակտիվ մասնակիցները բերման են ենթարկվել 48 ժամով:
Ընդհանուր առմամբ` բերման է ենթարվել 300 մարդ, որոնց բացատրություն տալուց հետո ազատ են արձակվել:
Այսօր բանջարեղենի մեծածախ շուկան, որը գրոհի է ենթարկվել անկարգությունների ժամանակ, փակել են` իբր սանիտարական ստուգումների համար:
Կիրակի մի քանի հարյուր ցուցարարներ բողոքի ակցիա են անցկացրել Բիրյուլյովոյում: Ակցիան վերածվել է ոստիկանության հատուկջոկատայինների հետ բախման: Ցույցի մասնակիցները պահանջում էին գտնել 25-ամյա Եգոր Շչերբակովին սպանողին: Վերջինիս դանակի հարվածով ընկերուհու ներկայությամբ սպանել են նախորդ հինգշաբթի օրը: Աղջկա պատմելով` Շչերբակովին սպանողը կարող էր ծագումով կովկասցի կամ Միջին Ասիայից լինել:
Կիրակի Բիրյուլյովոյի բնակիչները հանդիպել են ոստիկանության ներկայացուցիչների հետ եւ առաջարկել իրենց օգնությունը Շչերբակովի սպանողին գտնելու գործում: Դրանից հետո խաղաղ երթ է սկսել, որը, սակայն վերաճել է անկարգությունների: Նախ, ցուցարարներից մի քանիսը սկսել են ջարդել «Բիրյուզա» առեւտրի կենտրոնի ցուցափեղկերը, ապա մի քանի հարյուր հոգանոց ամբոխը շարժվել է դեպի պոկրովյան բանջարեղենի մեծածախ շուկա, որը, ըստ տվյալների, վերահսկում են ներգաղթյալները:
Շուկայի տարածքում ցուցարարները բախվել են վրա հասած ՕՄՕՆ-ի հետ` նրանց ուղղությամբ նետելով ճայթռուկներ եւ դատարկ շշեր:
Ռուսաստանյան ԶԼՄ-ների փոխանցմամբ, կիրակնօրյա անկարգությունների ընթացքում 23 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել, այդ թվում 6 ոստիկաններ:
‘