‘Կոռուպցիոն որոշումներ՝ հանուն Ֆլեշի Բարսեղի ‘

1474

Հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը, նույն ինքը՝ «Ֆլեշ Բարսեղը», փորձում է մենաշնորհ հաստատել դիզվառելիքի շուկայում: Ու քանի որ այս հարցում նրա թիկունքին են Սերժ եւ Տիգրան Սարգսյանները, կարելի է ասել՝ ծրագիրը հաջողվում է: Ֆլեշ Բարսեղին արդեն հաջողվել է կառավարության թեթեւ ձեռքով մենաշնորհ հաստատել պետական պատվերների մատակարարման ոլորտում:

ՀՀ կառավարության 2013թ. օգոստոսի 29-ի N 935-Ն որոշմամբ՝ կառավարությունն իր պահուստային ֆոնդերի հաշվին, առաջին 9 ամիսների համար ՀՀ գյուղնախարարությանը որոշել է հատկացնել 43մլն 959հազար 420 դրամ: Այս գումարը տրվել է հողօգտագործողների համար դիզվառելիք ձեռք բերելու նպատակով: Ու որպեսզի ՀՀ գյուղնախարարությունն իրեն ավելորդ նեղություն չտա՝ դիզվառելիքի մատակարար փնտրելու համար, կառավարությունն իր որոշման մեջ մատնանշել է նաեւ, թե որտեղից պետք է ձեռք բերվի այն: Այո, ճիշտ գուշակեցիք՝ դիզվառելիքը ձեռք է բերվելու «Ֆլեշ» ՍՊԸ-ից, այսինքն՝ այն ընկերությունից, որի սեփականատերը Սերժ եւ Տիգրան Սարգսյանների մերձավոր  Բարսեղ Բեգլարյանն է՝ Ֆլեշ Բարսեղը:

Ընդգծենք՝ այս գումարը տրվել է առաջին 9 ամիսների համար: Իսկ ընդհանրապես, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2013թ. համար 595մլն 755 հազար դրամ է դուրս գրել՝ «Ֆլեշ» ընկերությանը որպես սուբսիդիա տրամադրելու նպատակով: Ըստ փաստաթղթերի՝ «Ֆլեշ» ընկերությունը 350 դրամով 6619,5 տոննա դիզվառելիք է վաճառել գյուղացիներին: Իսկ դիզվառելիքի արժեքի մյուս մասը, փաստորեն, վճարել է կառավարությունը՝ ՀՀ պետական բյուջեից: Փոքր թվաբանական հաշվարկը ցույց է տալիս, որ «Ֆլեշ» ընկերությունը դիզվառելիքը վաճառել է շուկայական մանրածախ գնով՝ 1լիտրը՝ 440 դրամով: Այնինչ՝ նման մեծ գործարքների դեպքում վաճառքն իրականացվում է մեծածախ գներով, որն ավելի էժան է ստացվում: Արդյունքում՝ միայն այս տարվա ընթացքում Տիգրան Սարգսյանի կառավարությունն օգնել է «Ֆլեշ» ընկերությանն այս գործարքի շնորհիվ ստանալ 2մլրդ 912մլն 580 հազար դրամի /մոտ 7,1մլն դոլարի/ եկամուտ:

Սա, իհարկե, առաջին տարին չէ, որ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներով սուբսիդավորում է Բարսեղ Բեգլարյանի բիզնեսը. 2012թ. օգոստոսի 16-ի N 1049-Ն որոշմամբ եւս կառավարությունն իրականացրել է հողօգտագործողների օժանդակության ծրագիր: Այն ժամանակ էլ հատկացվել էր 620 մլն 430 հազար 930 դրամ: «Ֆլեշը» 5887 տոննա դիզվառելիքը, լիտրը՝ 350 դրամով, վաճառել է գյուղացիներին, իսկ գնի տարբերությունը սուբսիդավորել է կառավարությունը: Այս դեպքում էլ Ֆլեշը ստացել է 2 մլրդ 680մլն  880 հազար դրամի /մոտ 6,5մլն դոլարի/ եկամուտ:

Եթե ընդհանրացնենք, ապա միայն երկու տարվա ընթացքում միայն այս մի ծրագրով Ֆլեշ Բարսեղը ստացել է ավելի քան 5,5 մլրդ դրամի եկամուտ:

Ընդ որում՝ այդ եկամուտները Բարսեղ Բեգլարյանը ստացել է ՀՀ քաղաքացիներիս հաշվին: Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական կոռուպցիայի օրինակ: Համենայն դեպս՝ սուբսիդիան տրամադրվում է այն ընկերությանը, որի սեփականատերը Սերժ Սարգսյանի բլոտի ընկերն է, Տիգրան Սարգսյանի հետ էլ քավորսանիկական հարաբերություններ ունի: Մնացածը՝ դատեք ինքներդ:

Արման Գալոյան

 

 

Նախորդ հոդվածը‘Մոսկովյան անկարգությունների հետեւանքով 23 մարդ վնասվածքներ է ստացել, 30 հոգի բերման է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Զորին Սերժի հետ «աբսալյուտնը» չի քննարկել Պուտինին ուղղված նամակը’