‘
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրիկ Վարդանյանը հայտնվել է ամոթալի սկանդալի մեջ եւ, ըստ շրջանառվող լուրերի, արդեն այսօր հրաժարականի դիմում է ներկայացնելու: Ըստ հավաստի աղբյուրների՝ վերջին մի քանի օրերին նա մի քանի հանդիպումներ է ունեցել, որից հետո հրաժարականի դիմումն անխուսափելի է դարձել:
Հիշեցնենք, որ Մեղրիի սահմանակետով թմրանյութ անցկացնելու կասկածանքով կալանավորվել է Յուրիկ Վարդանյանի որդին։ Եւ այժմ Վարդանյան հորը հուշում են, որ հրաժարական տալու ժամանակն է:
Ի դեպ, հիշեցնենք նման մի քանի դեպքեր եւս. երբ Վարդան Օսկանյանի որդին նրա ծառայողական ավտոմեքենայով 2005-ին վրաերթի էր ենթարկել քաղաքացու, հայրը հրաժարական ներկայացրեց, սակայն այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը չընդունեց Օսկանյանի հրաժարականը։ Երբ ՀՀ քաղաքաշինության նախկին ՕԵԿ-ական նախարար, այժմ Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Արա Արամյանի որդին 2004-ի ապրիլին կրակոցներ արձակեց «Տրիումֆ» սրճարանում, նախարար Արամյանն անմիջապես հրաժարականի դիմում ներկայացրեց։ Վերջին օրինակը 2006-ին ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի հետ պատահածն էր։ Նա իր որդու հետ «Հայէլեկտրացանցերի» աշխատակիցներին ծեծելուց եւ ատրճանակի կոթով նրանց գլխին հարվածելուց հետո ստիպված եղավ հեռանալ պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։
‘