‘Հայաստանի բուհերը խոշոր հարկատուների ցանկում’

907

ՀՀ պետական եկամուտների  կոմիտեն հրապարակել է 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում  ընդգրկված են նաև ՀՀ  ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ` այդ թվում 20 բուհեր և Կրթության ազգային ինստիտուտը:

Ինչպես տեղեկացնում է ԿԳՆ մամլո ծառայությունը, խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 1մլրդ 172 մլն դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը Երևանի պետական համալսարանն է ՝73-րդ տեղ (վճարել է 1 մլրդ 149 մլն դրամ ) , երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որը 549 մլն 72 հազար դրամ ցուցանիշով 159-րդ տեղում է: Չորրորդը՝  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն է 439մլն 488 հազար դրամով և գտնվում է  185-րդ տեղում, որին  հաջորդում է  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (192-րդ տեղ՝ 420 մլն 953 հազար դրամ):

Խոշոր հարկատուների ցանկում  ըստ հաջորդականության ընդգրկված են Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայ-ռուսական(սլավոնական) համալսարանը, Գյումրու Նալբանդյանի անվան մանկավարաժական ինստիտուտը,Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ՀՀ ոստիկանական ակադեմիան, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Ֆրանսիական համալսարանը, Գեղարվեստի պետական ակադեմիան և Գավառի պետական համալսարանը: Կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 6,3 մլրդ. դրամ: Ի դեպ նախորդ տարվա՝ 2012 թվականի ցուցանիշը եղել է շուրջ 3,9 մլրդ դրամ:

 

Նախորդ հոդվածը‘Ինձագին կարող է փոխարինել Ալեգրիին «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական. Մարդիկ պետք է աշխատեն, այլ ոչ թե ապրեն նպաստներով’