‘Մարի-Անտուանետի կոշիկը փարիզյան աճուրդում վաճառվեց 62 հազար եվրոյով ‘

911

Ֆրանսիայի նախահեղափոխական վերջին թագավոր Լյուդովիկոս 16-րդի տիկնոջ՝ թագուհի Մարի-Անտուանետի՝ բանտում կրած զգեստի թեւքը Փարիզում աճուրդից վաճառվել է 6,8 հազար եվրոյով, հայտնում է FrancePress-ը:

Եւս մեկ կտոր, այս անգամ՝ «վերջին» զգեստից, որը թագուհին կրել է բանտարկությունից առաջ, վաճառվել է 6,1 հազար եվրոյով: Երկու լոտերի վաճառքի արժեքն էլ գրեթե կրկնակի գերազանցել է փորձագետների ակնկալիքները:   

Սակայն հնության սիրահարներն իրենց շռայլության մեջ ավելի հեռուն են գնացել Մարի-Անտուանետի ատլասե 36.5 համարի կոշիկների վաճառքի ժամանակ՝ դրանց համար վճարվել է 62 հազար եվրո, ինչը վեց անգամ գերազանցել է նախնական սպասելիքները:

Ավստրիայի կայսր Ֆրանց 1-ինի դուստր Մարի-Անտուանետը Ֆրանսիայի գահաժառանգ, ապագա արքա Լյուդովիկոսի հետ ամուսնացել է 14 տարեկանում՝ 1770 թվականին: Իր շռայլելու սովորության պատճառով արժանացել է «Մադամ Դեֆիցիտ» մականվանը:

1793-ին, Ֆրանսիական Մեծ հեղափոխության եռուն շրջանում, Մարի-Անտուանետը մեղադրվեց պետական դավաճանության մեջ եւ մահապատժի ենթարկվեց գիլյոտինի միջոցով:

Որոշ մասնագետների գնահատմամբ, թագուհու զեխությունն ինչ-որ չափով ազդեց հեղափոխության բռնկմանը, մինչդեռ ուրիշների կարծիքով՝ Մարի-Անտուանետը պատմության մեջ մտավ որպես անցյալի եւ ներկայի մոդելավորողների ներշնչանքի աղբյուր:

 

 

Նախորդ հոդվածը‘Բաթումում բացվել է Ճաճա-թաուերը’
Հաջորդ հոդվածը‘Bleacher Report. Մխիթարյանը` Չեմպիոնների լիգայի թոփ-20 ֆուտբոլիստների կազմում’