‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում այսօր տեղի ունեցած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի արտագնա նիստի ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը պահանջել է հարգել ՀՀ Սահմանադրությունը եւ ռուսերենից համաժամանակյա թարգմանության հնարավորություն ստեղծել:
Նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Անատոլի Վիբորնիի եւ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի ասուլիսը եւս ընթացավ ռուսերենով եւ առանց թարգմանական սարքերի: Ընդ որում՝ հայաստանցի լրագրողների հետ հիմնականում ռուսերենով էր շփվում նաեւ Հարությունյանը:
iLur.am-ը հետաքրքրվեց` արդյո՞ք այս պրակտիկան շարունակական է լինելու նմանատիպ միջոցառումների ժամանակ, թե՞ թարգմանական սարքերի բացակայությունը տեխնիկական խնդիրների հետ է կապված:
Ի պատասխան՝ Խոսրով Հարությունյանը նշեց, որ ըստ կանոնադրության՝ ՀԱՊԿ աշխատանքային լեզուն ռուսերենն է, եւ օրինաչափ է, որ քննարկումներն ընթանում են ռուսերենով:
«Այլ հարց է, որ պարոն Քոքոբելյանը նախօրոք տեղյակ էր պահել, որ իր հարցադրումները թարգմանաբար ներկայացնելու հնարավորություն ստեղծվի: Տեխնիկական պատճառներով թարգմանություն ապահովել հնարավոր չեղավ, բայց ես թարգմանեցի, եւ Քոքոբելյանը կարողացավ իր հարցադրումները տեղ հասցնել», — պարզաբանեց պատգամավորը:
Դիտարկմանը, որ հայաստանցի լրագրողների հետ ասուլիսը ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ կանոնակարգված չէ, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ դուք ճիշտ եք, բայց դա իմ լիազորությունների մեջ չի մտնում»:
‘