‘Վ. Կարապետյան. Հայաստանի շահերին ԵԽ կողմից հարվածի փաստը պաշտոնական Երևանին չի մտահոգում ‘

1060

Եվրախորհրդարանի կողմից ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ընդունված հայտնի բանաձեւից հետո Հայաստան են ժամանել ԵԽ-ի մի շարք ներկայացուցիչներ: Վերջիններիս այցի եւ դրանց ընթացքում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ iLur.am-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի Արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի հետ:

Մեզ հետ զրույցում Կարապետյանը նշեց, որ ծանոթանալով Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համատեղ նիստի պաշտոնական մամուլի հաղորդագրությանը՝ կրկին համոզվում է, որ այս անգամ էլ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) հետ աշխատող ՀՀԿ ներկայացուցիչները «ոչ թասիբ ունեն, ոչ սկզբունքայնություն, ոչ էլ ունակ են պաշտպանել Հայաստանի շահերը»:

«Եվրոպական խորհրդարանը մեկ շաբաթ առաջ ընդունել է բանաձև, ուր կա մեղադրանք՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների բռնազավթման վերաբերյալ: Նման կոշտ, միանշանակ և հակահայկական ձևակերպում որևէ հեղինակավոր միջազգային կազմակերպություն երբեք չի ընդունել: Սրա հիմնական պատասխանատուն ՀՀ արտգործնախարարությունն է և մեր խորհրդարանականները, որոնք չեն կարողացել կանխել նման ադրբեջանանպաստ փաստաթղթի ընդունումը: Օգտվելով նախադեպից՝ այսուհետ Ադրբեջանը ստեղծել է առավել նպաստավոր պայմաններ՝ այլ կազմակերպություններում ևս նման հակահայկական բանաձևեր ընդունելու համար: Թերևս, պետք էլ չի բացատրել, որ եթե նման ձևակերպում ամրագրեն նաև ԵՄ-ն ու ԵԱՀԿ-ն, ուղիղ ճանապարհ է բացվելու ՄԱԿ-ում Հայաստանը որպես օկուպանտ ներկայացնելու համար:

Եւ ահա, Հայաստան է ժամանել Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ Մ. Ցաբրնոխը, որն ինքնավստահ հայտարարում է, թե այսուհետ այդ բանաձևը ԵԽ պաշտոնական տեսակետն է: Փոխանակ բոլոր հանդիպումների ընթացքում մեր պաշտոնյաները հայտնեն իրենց վճռական անհամաձայնությունը, բողոքը Եվրոպական խորհրդարանի հակահայկական կեցվածքի վերաբերյալ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահի մակարդակով մամուլի ասուլիսի ընթացքում չեն բարձրաձայնում ՀՀ դիրքորոշումը՝ դրանով իրենց համաձայնությունը հայտնելով տեղի ունեցածին»,- նշում է Կարապետյանը:

Նրա խոսքով՝ ԵԽ բանաձևին չկա անդրադարձ նաև Հանձնաժողովի համանախագահի հրապարակված համատեղ հայտարարության մեջ: Կարապետյանը հարցնում է՝ այսքանից հետո ի՞նչ պետք է մտածեն ԵՄ, Եվրոպական խորհրդարանի ղեկավարությունը, պատգամավորները Հայաստանի մասին:

«Նրանք «բավարարվածությամբ» կֆիքսեն, որ Հայաստանում ՀՀ պետական այրերը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ (վերջինս Մ. Ցաբրնոխի հետ հանդիպման ժամանակ, համաձայն նախագահականի մամլո հաղորդակցության, նույնպես չի հիշատակել ԵԽ անարդար բանաձևի վերաբերյալ մեր մոտեցումը), որևէ բողոք չեն հայտնում, հետևաբար՝ Հայաստանը, գոնե հրապարակային մակարդակում, համակերպվել է ԵԽ նվաստացուցիչ որակավորման հետ: Ցավալին այն է, որ նման կարևորության հարցերը պատշաճ սրությամբ և հետևողականությամբ չեն բարձրացվում նաև լրագրողների, հասարակության կողմից՝ թույլ տալով իշխանավորներին իրենց տկարությունն ու անսկզբունքայնությունը փաթաթել ողջ ժողովրդի վզին»,- նշում է նա:

Հ.Գ. Հոկտեմբերի 31-ին Ս. Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի արտաքին հարաբերությունների համակարգող Չարլզ Թանոքին և Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն: Ըստ հրապարակված մամուլի հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը կրկին չի խոսել Եվրոպական խորհրդարանի բանաձևի մասին: Սա, ըստ Կարապետյանի, նշանակում է, որ Հայաստանի կենսական շահերին ԵԽ կողմից հարվածի փաստը այլևս պաշտոնական Երևանին չի մտահոգում:

 

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ն պատրաստ է մեծ գումարներ ծախսել Մատային գնելու համար’