‘
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կրկին հայտարարել է, որ իր ճակատագրի առնչությամբ ոչ մի պայման չի դնում Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ներկայացուցիչներ Փեթ Կոքսի և Ալեքսանդր Կվասնևսկու առջև և կընդունի ցանկացած առաջարկություն՝ հանուն այն բանի, որ նոյեմբերի վերջին Վիլնյուսում՝ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում ստորագրվի ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը: «Կրկին շեշտում եմ՝ ես երբեք Կոքսի և Կվասնևսկու առաքելության առջև չեմ դրել և չեմ դնի որևէ պայման կամ պահանջ՝ կապված իմ ճակատագրի հետ: Եւ ես կընդունեմ նրանց ցանկացած առաջարկ, որքան էլ որ դա ծանր լինի ինձ համար՝ հանուն ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի ստորագրման՝ նոյեմբերի 28-29-ին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովում», ասված է նախկին վարչապետի՝ Կանադայի ուկրաինացիների XXIV կոնգրեսի (տեղի է ունենում Տորոնտոյում, նոյեմբերի 8-10-ը) մասնակիցներին և հյուրերին հասցեագրված ուղերձում:
«Տիմոշենկոյի հարցի» լուծումը Վիլնյուսի գագաթնաժողովում Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի ստորագրման պայմաններից մեկն է, փոխանցում է Interfax.ru-ն:
‘