‘
Թբիլիսիում Վրաստանի նախագահի նստավայրի գմբեթին երեկ կրկին բարձրացվել է երկրի պետական դրոշը, որն իջեցվել էր շաբաթ օրը և փոխարինվել Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության դրոշով:
Նոյեմբերի 9-ի երեկոյան կառավարությունը հայտարարել էր, թե «Վրաստանի օրենքների համաձայն՝ նախագահի նստավայրի վրա մշտապես պետք է լինի պետական դրոշը, և նախագահի կողմից անթույլատրելի ու անհարգալի է նման վերաբերմունքը պետական խորհրդանիշերի հանդեպ»: Կառավարությունը Սաակաշվիլիին կոչ էր արել պահպանել օրենքները և հրահանգել նստավայրի տանիքին անհապաղ պարզել պետական դրոշը: Հանրապետության շատ քաղաքական և հասարակական գործիչներ պաշտպանել են կառավարության այս դիրքորոշումը:
Նախագահի աշխատակազմում ՄԱՇ-ի դրոշի հայտնվելը նստավայրի տանիքին բացատրել են «երաժշտական տեսահոլովակի նկարահանումներով» և խոստացել հաջորդ օրն իսկ բարձրացնել պետական դրոշը: Սաակաշվիլին կտրականապես հերքել է «պետական խորհրդանշանների նկատմամբ անհարգալի վերաբերմունքի» մեղադրանքը՝ նշելով, որ իր նախագահության ողջ ընթացքում՝ 2004 թվականից, «հպարտությամբ է իր կրծքին կրում Վրաստանի պետական դրոշը»:
Սաակաշվիլիի լիազորություններն ավարտվում են նոյեմբերի 17-ին՝ նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության օրը, փոխանցում է ИТАР-ТАСС –ը:
‘