‘
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հաստատել է Carrefour ֆրանսիական ռիթեյլերի` Հայաստանում հաստատվելու ծրագրերը: Ներկայումս Carrefour-ն աշխատում է հայաստանյան շուկա մուտք գործելու ուղղությամբ, հավաստիացրել է դեսպանը: Սակայն, որոշակի հանգամանքներից ելնելով` ընկերությունն առայժմ չի հրապարակում Հայաստանում իր հաստատվելու մանրամասները:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն իր հերթին նշել է, թե իբր Հայաստան ընկերության մուտքի համար որևէ խոչընդոտ չի եղել. «ֆրանսիական ռիթեյլերի մուտքը ձգձգվել է ընդամենը երկու տնտեսվարող սուբյեկտների միջև ծագած տարաձայնության պատճառով»:
ԱրմԻնֆո-ի հավաստի աղբյուրների համաձայն, Carrefour ֆրանսիական ռիթեյլերի`6 հազար քմ տարածքով առաջին հիպերմարկետը Հայաստանում կբացվի Երևանի Արշակունյաց պողոտայում: Աղբյուրի համաձայն, ընդհանուր առմամբ Հայաստանում Carrefour-ը նախատեսում է բացել 3 հիպերմարկետ:
Carrefour հիպերմարկետը Երևանում կաշխատի էմիրությունների` Majid Al Futtaim Holding (MAF) ընկերության ֆրանչայզինգի սկզբունքներով, որը հանդիսանում է Carrefour հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային ֆրանշիզայի տնօրինողը: Հիշեցնենք, որ ներկայումս MAF-ն արդեն ունի 45 սուպերմարկետ:
‘