‘
Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր կքննարկի կառավարության հրաժարականի վերաբերյալ ընդդիմության պահանջը: Հաջողության համար ընդդիմության ձայները բավարար չեն: Որոշ քաղաքական գործիչներ խոսում են ցուցարարների կողմից խորհրդարանը գրավելու հնարավորության մասին:
Նախորդ շաբաթ ծայր առած ցույցերից և բախումներից հետո այսօր Գերագույն ռադան առաջին նիստն է անցկացնելու: Նախօրեին ընդդիմության ղեկավարները ռադայի Համաձայնության խորհրդում ներկայացրել են կառավարությանն անվստահության քվե տալու որոշման նախագիծ: «Սա մեր առաջին փոքրիկ հաղթանակն է: Վաղը (այսօր) խորհրդարանի նիստում առաջինը կքննարկվի կառավարության հրաժարականի հարցը»,- երեկ երեկոյան Մայդանում հավաքված ցուցարարներին հայտնել է УДАР կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:
Որոշ քաղաքական գործիչներ կասկած են հայտնել, որ եթե Գերագույն ռադայի մեծամասնությունը չհամաձայնի պաշտոնանկ անել կառավարությանը, ապա Մայդանի ցուցարարները կգրավեն խորհրդարանը: Այդ մտավախությունը, մասնավորապես, երեկ հայտնել է նաև երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը՝ ԵՄ-ի, Կանադայի և ԱՄՆ-ի դեսպանների հետ հանդիպման ժամանակ: Նա նաև հայտարարել է, որ ցուցարարների գործողությունները « օժտված են պետական հեղաշրջման բոլոր հատկանիշներով», սակայն իշխանությունները կարգադրել են ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘