‘Նալբանդյանն ու Մամեդյարովը կրկին կհանդիպեն 2014-ի սկզբին’

752

Կիեւում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստ անցկացնելու կապակցությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի` եվրապականհարցերով նախարար Տյերի Ռեպենտինը, ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը) Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը եւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ խաղաղ լուծմանը` ձեռք բերվածի հիման վրա:  

ԵԱՀԿ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ողջունել են բարձրագույն մակարդակով երկխոսության վերսկսումը եւ հույս են հայտնել, որ գալիք հանդիպումները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջխաղացմանը:  Նրանք կոչ են արել կողմերին` քննարկել միջոցառումները, որոնք կնվազեցնեին լարվածությունը տարածաշրջանում:

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել 2014-ի սկզբներին` Միսկի խմբի համանախագահների հովանու ներքո նախապատրաստելու բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունները:

Նախարարները նշել են, որ տարածաշրջանի բնակչությունը ակնկալում է եւ արժանի է հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի, որը չափից երկար է ձգձգվել:  

Նախորդ հոդվածը‘«Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության ավտոերթը. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ նախագահը 24 մլն դրամով հուշամեդալ է գնել. Փաստաթղթեր’