‘
«Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելելուց առաջ Թուրքիայի արտգործնախարարը տարածաշրջանում հնարավոր դրական զարգացումներին միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը և Երևանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին», — հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
«Արմենպրես» լրատվական գործակալության խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի վերջերս կատարած հայտարարությունները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, Քոչարյանը նաև ասել է. — «Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց որևէ նախապայմանի վավերացնելով և կյանքի կոչելով 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ — թուրքական արձանագրությունները»:
«Եթե Թուրքիան ձգտում է է՛լ ավելի արագացնել տարածաշրջանի երկրների միջև քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման գործընթացը, ապա նա պետք է ճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և բացի իր կողմից փակված հայ — թուրքական սահմանը», — արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Շավարշ Քոչարյանը։
‘