‘
Ինչպես արդեն հայտնել էինք, Կիևում կառավարական շենքերը շարունակում են պաշարման մեջ մնալ, իսկ հանրային աշխատողները այսօր այդպես էլ չեն կարողացել գնալ իրենց աշխատավայրերը: Այս առնչությամբ այսօր Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան հանդես է եկել ուղերձով՝ցուցարարներին կոչ անելով զերծ մնալ հակաօրինական գործողություններից և հարգել օրենքը:
«Հաշվի առնելով պետության մեջ ստեղծված իրավիճակը՝ ես դիմում եմ հանրահավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին: Դադարեցրե՛ք իշխանության մարմինների պաշարումը, զանգվածային անկարգությունների կազմակերպումը և օրենքի կոպտորեն խախտումները: Այսօր փողոցային ակցիաները վերաճել են անթաքույց ագրեսիայի և իշխանության մարմինների աշխատանքի խոչընդոտման»-, ասված է գլխավոր դատախազի ուղերձի մեջ:
Գլխավոր դատախազը նաև հայտարարել է, որ դատարանների որոշումների չկատարումը և Ուկրաինայի Սահմանադրության և օրենքների արհամարման համար մեղավորները պատասխան կտան:
«Ես կրկին անգամ դիմում եմ բոլորին, ով առնչություն ունի զանգվածային անկարգությունների հետ՝ մի՛ փորձեք իշխանությունների համբերությունը և մի՛ սադրեք իրավապահ մարմիններին, ազատե՛ք տարածքները և ապաարգելափակե՛ք տրանսպորտային կոմունիկացիաները»-, հավելել է գլխավոր դատախազը:
Գլխավոր դատախազը նաև հիշեցրել է, որ կա դատարանի որոշում՝ Գերագույն Ռադայի, նախագահական նստավայրի, կառավարության, Կիևի քաղաքային ադմինիստրացիայի շենքերի և կառավարական թաղամասի այլ հաստատությունների պաշարման արգելման վերաբերյալ:
«Դրանք սովորական վարչական իրավախախտումներ չեն, դրանք օրենքի կոպտագույն խախտումներ են, որոնք ենթադրում են քրեական խիստ պատասխանատվություն: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ այդպիսի գործողություններով երկրում կարելի է հաստատել անիշխանություն և անօրենություն, ապա մի կողմ թողեք ձեր պատրանքները, երկրում կա իշխանություն և երկրում գործում է օրենքը»,-հայտարարել է գլխավոր դատախազը:
‘