‘
ՌԼԴԿ-ի կողմից ներկայացված՝ «ՌԴ պետական լեզվի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ պարզաբանող գրության մեջ լիքը սխալներ են եղել: Օրինագծի բնօրինակը երեկ տեղադրվել է Պետդումայի կայքում, իսկ նույն օրը երեկոյան «Эхо Москвы» ռադիոկայանի կայքում հայտնվել է նույն տեքստը՝ սխալների ուղղումով: Ինչպես նշել է Lenta.ru-ն, մեկ էջից մի քիչ ավելի տեքստում հեղինակները թույլ են տվել գրեթե քսան ուղղագրական, ոճական և կետադրական սխալ: Պատգամավորներն առանձնապես դժվարացել են համաձայնության և հոլովների, ինչպես նաև դերբայական դարձվածների հարցում: Այսպես, օրինակ, վկայակոչելով միջազգային իրավական պրակտիկան՝ պատգամավորները նշում են, թե եվրոպական երկրները և ԱՄՆ-ը «մաքրում են իրենց մայրենի լեզուն և իրենց քաղաքացիներին ընդունելով համապատասխան օրենք»…
Օրենքում լրացումներ կատարելու առաջարկը ՌԼԴԿ խմբակցության անդամներ Յան Զելինսկին և Ելենա Աֆանասևան ներկայացրել են դեկտեմբերի 12-ին: Պատգամավորների կարծիքով՝ արտասահմանյան քաղաքացիները Ռուսաստանում աշխատելիս պետք է գործածեն միայն ռուսերենը կամ էլ դաշնության սուբյեկտի պաշտոնական լեզուն: Օրինագծի հեղինակներն ընդգծել են, որ օտար լեզվով խոսքը Ռուսաստանի բուն բնակչության «վրդովմունքն է հարուցում», փոխանցում է BBC-ն:
‘