‘
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց, որ եթե այսպես շարունակվի, ապա իշխանությունները կվաճառեն ողջ Հայաստանը: Նա էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հարցրեց՝ ինչո՞ւ ՀայՌուսգազարդ ընկերությունը սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկում չկա: «Խոստովանեմ՝ իրավական առումով՝ միգուցե խնդիր կա, որ ցուցակում չի եղել, հենց դրա համար եմ բերել ԱԺ: Նախօրոք մենք չունեինք այն մտադրությունը, որ անպայման 20 տոկոսը պետք է վաճառեինք, որ պարտք փակեինք: Սա վերջնական փուլում առաջացավ, դրա համար որոշեցինք բերել Ազգային ժողով և համաձայնություն ստանալ»,- հայտարարեց Մովսիսյանը: Պարոն Ջհանգիրյանը հակադարձեց՝ ասելով, որ ինքը լուրջ մտավախություն ունի, թե Հայաստանն էլի պարտքեր կկուտակի, եւ այս դեպքում կառավարությունը ռուսներին կնվիրի Որոտանի կասկադը: «Այս կառավարությունը ոչ թե պետք է սովորական բյուջե կամ ծրագրեր ներկայացնի Ազգային ժողով, այլ փրկության ծրագիր, որովհետև եթե այսպես գնա, վաճառելու են մեր պետությունը»,- ասաց նա:
‘