‘Ամանորյա տոներին Սննդի անվտանգության ծառայությունը կուժեղացնի դիտարկումները շուկաներում’

746

Ամանորյա տոներին ընդառաջ մեծանում են նաև սննդի անվտանգության հետ կապված ռիսկերը, հետևաբար՝ տոների օրերին ՀՀ գյուղնախարարության Սննդի անվտանգության ծառայությունը կուժեղացնի դիտարկումները մեծածախ շուկաներում: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սննդի անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը:

Նրա խոսքով՝ մոնիթորինգի ընթացքում ուշադրություն է դարձվում պիտակներին և պահպանման պայմաններին: Դավիթ Ղուլյանը հաղորդել է, որ մեծ ռիսկային գոտում են գտնվում բարձր յուղայնություն ունեցող ապրանքները, կիսաֆաբրիկատները, կաթնամթերքը: Միաժամանակ՝ նա հավաստել է, որ վերջին ժամանակներում հանրապետությունում չեն գրանցվել անասունների ժանտախտի դեպքեր, իսկ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ծառայությունը, ինչպես նշել է Ղուլյանը, իր դիտարկումներն իրականացնում է մշտապես, իսկ տոնական օրերին աշխատանքներն ավելի կուժեղացվեն: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, 2013 թվականին Ծառայությունը դիտարկումներ է իրականացրել հանրապետության 436 տնտեսվարող սուբյեկտներում, իսկ հիմնական խախտումները բացահայտվել են ժամկետանց ապրանքների վաճառքի մասով: Այս առումով Ղուլյանը նաև նշել է, որ հանրապետության սննդամթերքի անվտանգության ոլորտում անցյալ տարի բացահայտված խախտումների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններն իր տարեկան զեկույցում կներկայացնի Ծառայության ղեկավարը:

Նախորդ հոդվածը‘«ՀՀԿ դավաճա՛ն». Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տապակած ընձուղտ՝ 280 հազար դրամով. Լֆիկը հետ չի մնում մրցակիցներից’