‘
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը Facebook սոցիալական ցանցում գրում է.
«Ղազախստանի նախագահի` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին` Ղարաբաղի վերաբերյալ արված հայտարարության կապակցությամբ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ափսոսանք հայտնեցի, որ մեր դիվանագիտությունը չկարողացավ կանխել հակահայկական այս դրսևորումը: Նիստի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տարածումից հետո պարզ դարձավ, որ Նազարբաևի նման նվաստացնող, մեր ինքնությանը հարվածող խոսքերին Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի արձագանքել: Սա արդեն բոլոր սահմաններից դուրս է: Նազարբաևը խոսում է մի թեմայից, որը ուղիղ առնչություն չունի նիստին քննարկվող հարցի հետ, իսկ ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ բանակցող, ԼՂ անվտանգության երաշխավոր հանդիսացող ՀՀ բարձրագույն պաշտոնյան ձայն չի հանում: Չեմ հասկանում՝ ինչո՞վ է զբաղված արտաքին հարցերով խորհրդականների բավականին ուռճացած թիմը, ի՞նչ խորհուրդներ են տալիս, ինչո՞ւ չեն հուշում, որ նման հարցերում լռությունից օգտվելու են մեր հակառակորդները:
Ավելին քան տարակուսանք է առաջացնում, որ Ղազախստանի պայմաններին չի անդրադառնում ՀՀ ԱԳՆ, դրանով իսկ համաձայնելով, որ Ն. Նազարբաևի բարձրաձայնած խնդիրը կարող է գոյություն ունենալ:
Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է վերաբերել ՀՀ իշխանությունների հավաստիացումներին, որ Մաքսային Միություն անդամագրվելը շահեկան է Հայաստանի համար: ՀՀ իշխանությունները անհապաղ պետք է բացատրություններ տան Մոսկվայում իրենց անպատասխանատու կեցվածքի, Ն. Նազարբաևի բարձրացրած հարցին` ՀՀ պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ»:
‘