‘
Ձեզ ենք ներկայացնում բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանի 1990 թ. գրած կատակային մի հոդված մանկական բանահյուսության մասին, ուր հումորով ներկայացվում է հայ մանուկների բանահյուսական արձագանքը պատմական իրողություններին։
ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ
Արմեն Պետրոսյան
1. ՔԱՉԱԼ ՆԱԶԻԿԻ ԵՎ ԱՅԼՈՑ ՄԱՍԻՆ
Մանկական բանահյուսությունը մեզանում շատ քիչ ուսումնասիրված բնագավառ է: Գրանցվել և քիչ թե շատ ուսումնասիրվել են հին, արխայիկ, հատկապես ազգագրական արժեք ունեցող նմուշները: Այս հոդվածում կբերվեն այլ, փաստորեն՝ շրջանցված, համեմատաբար ուշ շրջանների և մանավանդ՝ այլալեզու շերտ պարունակող օրինակներ, և փորձ կարվի դրանց վերլուծության հիման վրա եզրակացություններ անել: Եվ այսպես, հիշո՞ւմ եք՝
Քաչալը գնաց տանձի,
Վախեցավ գլուխը խանձի,
Գիշերը մտավ տեղերը,
Կատուն կերավ բեղերը:
Սա նախադպրոցական բանահյուսություն է, որը ռեչիտատիվով երգվում է բոլոր խուզած մանուկներին ծաղրելու համար: Անցնենք առաջ:
Աշխարհ-աշխարհ-աշխարհ ա,
Մեր դասատուն ոչխար ա:
Հենց որ զանգը տալիս ա
Արածելով գալիս ա:
Ահա դպրոցական բանահյուսության չուսումնասիրված տիպիկ օրինակ: Այս քառատողը ծանոթ է հայկական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին, ուստի մենք հույս ունենք, որ աշխարհագրության ուսուցիչներն այն չեն համարի մեր կողմից իրենց հեղինակության և իրավունքների ոտնահարման փորձ: Նույնատիպ հանրահայտ՝
Ռուսկի յազիկ՝ քաչալ Նազիկ:
Այս մանկական բանաստեղծության գոհարը, ինչպես և նախորդը, գոյատևում է տասնամյակներ և ներկայումս, որքանով որ ինձ հայտնի է, առավել բարձր ծաղկման է հասել Երևանի 114-րդ դպրոցում՝
Ռուսկի յազիկ՝ ունիտազիկ,
կամ նույնիսկ՝
Ռուսկի յազիկ, քաչալ Նազիկ,
Թռավ նստավ ունիտազիկ: (ինֆորմանտ՝ Արաքս Սահինյան, 3-րդ դասարան)
Իհարկե, հայոց լեզվի վարկի բարձրացման ջատագովները կարող էին այս քառատողում հայ երեխաների վերաբերմունքը տեսնել իրենց պարտադրվող ռուսերենի ուսուցման վերաբերյալ, բայց մենք անկողմնակալորեն լռում ենք, և հիշում նաև հայոց լեզվի ուսուցիչների մասին եղածը՝
Հայոց-հայոց-հայոց ա,
Մեր դասատուն մի օձ ա:
Թվում է, թե նրան հակադրվում է ռուսերենի թանկագին ուսուցիչը՝ որը թեև ճաղատ է, բայց ոսկի սիրտ ունի՝
Ռուսկի, ռուսկի, ռուսկի ա,
Մեր դասատուն ոսկի ա:
Բայց մեր բոլոր ինֆորմանտները այդ «ոսկին» արտասանում էին սարկաստիկ կերպով, մի տեսակ չակերտների մեջ: Պետք է ասել, որ այսօրվա դպրոցականները, եթե դատենք ըստ բանահյուսության, ի հակադրություն իրենց ուսումնատենչ պապերի, շատ էլ մեծ ձգտում չունեն դեպի ուսումը:
Ի՞նչ եմ անում դպրոցը, դպրոցը,
Քանի որ կա փողոցը, փողոցը:
Ի՞նչ եմ անում ֆիզիկա, ֆիզիկա,
Քանի որ կա մուզիկա, մուզիկա, մուզիկա:
Սա երգվում է Դվորժակի «Սլավոնական պարերից» մեկի երաժշտությամբ և ցույց տալիս, թե հայ դպրոցականը, եթե նույնիսկ շատ էլ չի սիրում իր հանրակրթական ուսումը և ռուսերենի պարտադիր ուսուցումը, ապա, այնուամենայնիվ, նա դեռևս կորած չէ հասարակության համար, քանի որ կարողանում է ըստ արժանվույն գնահատել եվրոպական երաժշտության դասականներին և հանդուրժողոբար է տրամադրված դեպի սլավոնական մյուս ազգերն ու նրանց մշակույթը: Իսկ ռուսական դպրոցի մասին, իրոք որ, կա վախեցնող ռուսերեն տեքստ, որը, թեև, կարծես՝ ռուսաստանյան ծագում ունի, բայց տարածված է հենց մեր ռուսական մանկապարտեզներում:
Дети в школу не ходите,
Эта школа не для вас.
Там учителя бандиты,
А директор – Фантомас.
Քառատողը զարգանում է բնիկ հայկական յամբ-անապեստով՝
Ֆանտոմաս-Ֆանտոմաս,
Գլխին ունի երեք մազ,
Մեկը առաջ, մեկը հետ,
Մեջտեղինը՝ պոլի փետ:
Պոլի փետը հանեցին,
Տեղը լոբի ցանեցին:
Լոբին աճեց մեծացավ,
Ֆանտոմասը մահացավ (կամ՝ ծերացավ):
Ապագայի պատմաբանին ենք թողնում գրելու, թե ինչպես էին XX դարում հայ մանուկները տառապում դպրոցներում ՀԽՍՀ լուսավորության, կամ նույնն է թե՝ ժողկրթության մինիստրության դաժան լծի տակ: Նշված օրինակում հիշատակվում է մի հերոս՝ Ֆանտոմասը, որը հայ մանուկներին ծանոթ է համանուն կինոնկարից: Պետք է ասել, որ կինոնկարների ազդեցությունը մանկական բանահյուսության վրա նշանակալի է: Ահա մի այլ շատ հետաքրքիր օրինակ՝
Չաղ, Ցանցառ, Նիկուլին,
Թռան, նստան «ժիգուլին»:
Չաղը ասաց՝ «բարև ձեզ»,
Նինան ասաց՝ «թաղեմ ձեզ»:
Այս քառատողում անհայտ հեղինակն անդրադարձել է մանուկների կողմից սիրված «Կովկասի գերուհին» կինոնկարի գլխավոր հերոսուհու՝ Նինայի տառապանքներին, որը հուսահատված իրեն կեղեքող՝ անաշխատ եկամուտների սիրահար Մորգունով-Վիցին-Նիկուլին եռյակի (որոնք բնագրում հանդես են գալիս իրենց քրեական մականուններով) ոտնձգություններից, անիծում է իր բախտը և իրեն չարախնդորեն բարևող չարագործներին: Ինչպես տեսնում ենք, մանկական բանահյուսությունը ևս հանդես է գալիս բարոյական արժեքների գնահատմամբ: Այնտեղ ևս գովերգվում և գնահատվում է բարին, մարդկայինը, հավիտենականը, և նշավակվում չարը, գազանայինը, րոպեականը: Բայց, ինչպես և վերը հիշված օրինակներում, այստեղ էլ ցայտունորեն ի հայտ է գալիս օտարամուտ տարրը, ռուսական ազդեցությունը: Ակներև է, որ քառյակի բացասական հերոսը կրում է ռուսական ազգանուն՝ Նիկուլին, իսկ դրական հերոսը մարմնավորված է միանգամայն ինտերնացիոնալ ծագում ունեցող Նինա անունը կրող աղջկա կերպարում, որը կինոնկարում կովկասցի է, այսինքն հայերին մոտ ծագում ունեցող ժողովրդի զավակ: Եվ այսպես՝ ազգայինը և ինտերնացիոնալը, մարդկային արվեստի բոլոր ժամանակների ընդհանրական կատեգորիաները ևս իրենց արձագանքն են գտել մանկական բանահյուսության մեջ:
Հայտնի է, որ աշխարհի բոլոր մանուկներն իրենց ֆոլկլորում օգտագործում են ավելի բարձր դասարանցիներից լսած անհասկանալի, հատկապես օտարալեզու տեքստերի պատառիկներ: Այսպես, օրինակ, ռուսական эники-беники ели вареники-ի առաջին երկու բառը ծագումով գերմանական են, իսկ մի այլ տեքստի վերջին տողում՝ эне-бене ряба, квинтер-финтер жаба-ում արդեն դրանք զուգակցվում են գիմնազիական դասընթացի լատիներեն և գերմաներեն կվինտեր-ֆինտերի հետ: Հայկական խորհրդային մանկական բանահյուսությունը լեզվական ազդեցությունների տեսակետից այդքան ճոխ չէ, թեև հնագույն օրինակներում առկա են քրդական, թուրքական, վրացական բառեր և արտահայտություններ: Ամենուրեք, ինչպես արդեն ասվեց՝ նկատվում է համարյա միայն ռուսական ազդեցություն, որը, կարծում եմ, մեր քաղաքագետներին պետք է հուշի այն արդյունավետ միտքը, թե ռուսական կողմնորոշումը հայ ժողովրդին՝ ընդհանրապես, և նրա ներկայացուցիչներին՝ մասնավորապես, հատուկ է վաղ մանկությունից:
Ալա, բալա, նիցա,
Դուս կաբանիցա,
Հեյ գիտի, Վանչո,
Նաշ կապիտանչո,
Փալանչո:
Կարծիք կա, որ «ալա, բալա, նիցա, դուզ կաբանիցան» կապ չունեն թուրքերեն բալայի, ինչպես նաև բալնիցայի ու կաբանիցայի, որոնք ռուսերեն կարող են իմաստավորվել որպես «հիվանդանոց» և «էգ վայրի խոզ», այլ աղավաղումն են մի նույնատիպ ռուսական տեքստի՝ Алла баловница Дуську боится, որը նշանակում է՝ «չարաճճի Ալլան վախենում է Դուսկայից»: Տեքստի վերջին տողերում պատմվում է մի ինչ-որ Վանչոյի մասին, որը կարծես թե նախկինում կապիտան է եղել, բայց հետագայում անհայտ պատճառներով անցել փալանչիի, այսինքն՝ էշի թամբագործի համեստ և ծանր, բայց շնորհակալ և պատվավոր աշխատանքին: Այդ Վանչոն իր Վանի տարբերակով հանդիպում է նախախորհրդային մանկական հաշվերգերում՝
Վանի, Վանի, Երևանի,
Կապիտանի, ձվածեղի, դեղձիկոնի,
Ով որ բռնի վեր քաշի:
Իրոք, կարելի է ենթադրել, որ այստեղ խոսվում է մեր նախահեղափոխական անցյալի մասին, որովհետև խորհրդային շրջանում կապիտաններն ավելի շատ հակված էին մայոր դառնալու, քան թամբագործ: Ներկայումս, կարելի է ասել, որ կոոպերատիվների դարաշրջանում թամբագործների շարքերը կսկսեն համալրվել մեր փառապանծ բանակի կապիտաններով, միայն թե այս անգամ՝ ոչ թե էշի, այլ նախորդ քառատողի հերոսներ՝ Չաղի, Ցանցառի և Նիկուլինի, ինչպես նաև նրանց նման քրեական ստվերային էկոնոմիստների ժիգուլիների թամբերի: Թո՛ւ նրանց անամոթ երեսներին, կամ ինչպես ասում էինք մենք մանուկ ժամանակ պահմտոցի խաղալիս՝ «թու զա փսեխ, կարմիր ասեղ, պամիդորով ձվածեղ», որը նշանակում էր ընդամենը ռուսերեն тьфу за всех — «թու բոլորի փոխարեն» և հիշվում կարմիր ասեղը, որով վատ արարքների համար պետք է ծակվեր հիշյալ ապագա ստվերային կոոպերատորների լեզուն՝ նախաճաշի լոլիկով ձվածեղի փոխարեն:
Ի դեպ՝ լոլիկների մասին: Այդ գնդաձև, կարմիր ասեղի գույնով բանջարեղենը, որը կարծես խորհրդանշում է համաշխարհային կոմունիստական հեղափոխության գաղափարը, հիշատակվում է նաև այլ տեքստերում, ինչպես օրինակ՝
— Ասա պամիդոր:
— Պամիդոր:
— Տշեմ գնաս կալիդոր:
Այսինքն, նույնիսկ անվան հիշատակությունը բացասական հետևանքների, կոնկրետ՝ աքացու կարող է հանգեցնել: Կամ՝
Տորեադոր է,
Աչքի մեկը քոռ է,
Քիթը պամիդոր է,
Ինքն էլ դիրեկտոր է:
Այստեղ ևս կարմիր լոլիկի հետ համեմատվում է բացասական հերոսի՝ դպրոցի հարբեցող դիրեկտորի քիթը, որը հարբածությունից ու կատաղությունից կուրացած՝ ուզում է տորեադորի նման սրախողխող անել պարտուսի անմեղ զոհերին՝ խեղճ ու կրակ աշակերտությանը: Քառատողն ունի նաև ճանաչողական կարևոր նշանակություն, քանի որ այն երգվում է Բիզեի անմահ օպերայի տորեադորի արիայի մեղեդիով, ինչպես նաև մանուկներին ծանոթացնում հեռավոր ու էկզոտիկ, կրքոտ ու տոթակեզ Իսպանիայի ազգային հանդիսանքին՝ ցլամարտին:
Հիշյալ բանջարեղենի մասին կա մի չքնաղ դպրոցական անեկդոտ. բուսաբանության ուսուցչուհին բացատրում է, թե ինչու է այն կարմիր և վերլուծում կենսաբանական նմանակման՝ միմիկրիայի երևույթը:
— Ընկեր Պողոսյան, ի՞նչ գույնի են գետաձիու աչքերը:
— Կարմիր:
— Իսկ ինչո՞ւ են կարմիր:
— Որպեսզի նմանվեն կարմիր պոմիդորների:
— Իսկ ինչո՞ւ նրանք պետք է նմանվեն կարմիր պոմիդորների:
— Որոովհետև գետաձիերը սիրում են թաքնվել կարմիր պոմիդորի թփերի հետևում:
— Բայց ինչո՞ւ մենք նրանց երբեք չենք տեսնում այնտեղ:
— Տեսնո՞ւմ եք, որքան լավ են թաքնվում:
Ընդհանրապես պետք է ասել, որ պոմիդորը, որն իր կարմրությամբ չափազանց խորհրդային հավատարմահպատակային և արյունոտ ասոցիացիաներ է առաջացնում, բավական թթու բանջարեղեն է, վնասում է աղեստամոքսային տրակտի հիվանդություն ունեցողներին, և իզուր չէ, որ Ջաննի Ռոդարին «Չիպոլինոյի արկածներում» սինյոր Պոմիդորին ներկայացրել է մեր դասակարգային թշնամիների շարքում: Այստեղ մենք մոտենում ենք մեր թեմայի ամենակարևոր խնդիրներից մեկին՝ մանկական ֆոլկլորի դասակարգային էությանը: Այն ևս սպասում է իր բացահայտողին: Դասակարգային, հրատապ հարցերը միշտ արագորեն արտացոլվում են բանահյուսության մեջ: Օրինակ, թվում է, թե ի՞նչ քաղաքական իմաստ կարող է ունենալ մի այսպիսի երկխոսությունը:
— Ասա որդ:
— Որդ:
— Ուտես տորթ:
Կարելի է կարծել, որ այստեղ միայն նշավակվում է շատակերությունը: Բայց եկեք հիշենք, որ տորթը սինյոր Պոմիդորի սիրած ուտելիքն էր, որը նա կլանում էր՝ կտրելով խեղճ ու սոված, որբ ու անապաստան մանուկ բողկերի, լոբիների, սոխերի և սխտորների բերանից:
Մանկական բանահյուսության մեկ այլ բնութագրական հատկանիշ: Հայտնի է, որ ժամանակակից խորհրդային աֆորիզմն ասում է՝ «հոռետեսներն ուսումնասիրում են չինարեն, լավատեսները՝ անգլերեն, ռեալիստները՝ Կալաշնիկովի ավտոմատը»: Մանուկներն ամենուրեք լավատես են: Նրանք մերժում են չինարենն ու ավտոմատը: Ահա մի քառատող, որտեղ ակնհայտորեն լսվում է օպտիմիզմին հատուկ նոտաների մետաղյա զրնգոցը:
Բուդկա, բուդկա, բե, բե,
Աբես, ֆաբես, գումարե,
Ռիկի, չիկի, ամաչիկի,
Օֆ, լեն, գլեն:
Փորձենք վերլուծել: Բուդկա-բուդկան արդեն անխուսափելի դարձած ռուսերեն փայտե տնակն է, բե-բեն՝ աշխարհագրության ուսուցիչներին խորհրդանշող ոչխարների լեզվով սիրված բացականչություն: Աբես-ֆաբեսը շվեդական մանկական գրքի՝ «Նիլսի արկածների» հիման վրա նկարահանված մուլտֆիլմի թզուկի կախարդանքի բանաձևի սկիզբն է՝ «աբես, ֆաբես, կարտոֆլաբես», Ռիկի-չիկին անգլիական գրող Ռադյարդ Կիպլինգի քաջարի հերոս մանգուստ Ռիկի-Թիքի-Թավին է՝ ռուսական առոգանությամբ արտասանված և ամոթխած ամաչիկի-ով հանգավորված, իսկ օֆ-լեն-գլեն ձայնակապակցությունը հատուկ է աշխարհում միայն մի լեզվի՝ անգլերենին: Գլեն անգլերեն նշանակում է «նեղ հովիտ», ֆլեն՝ «կարկանդակ», այսինքն, ամբողջ տողը կարող է իմաստավորվել որպես «օ, կարկանդակ, նեղ հովիտ»: Այսպիսով, այս քառատող հաշվերգում արտացոլվում է մանուկ հեղինակի հույս-երազանքը՝ ամառանոցային փայտե տնակ ունենալ աշխարհագրական այլ՝ ցանկալի է՝ արևմտյան միջօրեականներում, լայն նեղահովիտներում, որտեղ արածում են ոչխարները, հնչում է անգլերեն խոսքը, բուրում է կարկանդակը և կենսամակարդակը հասնում է շվեդական ստադարտին: Հեղինակն իր երազանքի մոտալուտ գալստյանը շատ չի հավատում, և այդ պատճառով օգնության է կանչվում կախարդանքի բանաձևը:
Բայց մանկական բանահյուսությունն արտացոլում է ոչ միայն քչերին մատչելի և համարյա անիրական ռեալությունները, այլ նաև առավել նյութական, ոչ օդեղեն երազանքները:Միևնույն քառատողը կարելի է մեկնաբանել նաև այլ կերպ: Այսպես՝ բուդ կա, բուդ կա, բե-բեն նշանակում է, որ խանութում ոչխարի բուդ՝ ազդր է հայտնվել, աբես-ֆաբես-գումարեն՝ հայրիկի մոտ մի հրաշքով համապատասխան գումար, ռիկի-չիկի-ամաչիկի՝ միևնույն հրաշքով վաճառողի մոտ ի հայտ է եկել ամոթ, խղճի զգացում, և օֆ, լեն, գլեն՝ այսպիսով մենք կհասնենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին:
Մանկական ֆոլկլորում հանդիպում ենք նաև քաղաքական, պետական, ռազմական գործիչների կերպարների: Օրինակ, 80-ական թվականների սկզբին՝ Յուրի Անդրոպովի իշխանության տարիներին, Երևանի մանկապարտեզներից մեկում ստեղծվում էր մի մանկական էպոս, որի գլխավոր հերոսը Անդրոպոսն էր, իսկ նրան ծառայում էին նրա բազմաթիվ կամակատարները՝ անդրոպոսիկները: Ահա մի հանրահայտ օրինակ անցյալից:
Լենին պապին մեռել ա,
Մեզի ավանդ թողել ա,
Պստիկ բալիկ մեծացիր,
Կոմունիզմը կառուցիր:
Սա պաշտոնական տարբերակն է, որը կարելի էր արտասանել կոլտնտեսության նախագահի տղայի և կուսկոմիտեի քարտուղարի աղջկա հարսանիքի ժամանակ, իսկ ավելի դեմոկրատական շրջապատում քառատողի վերջին երկու տողերը փոխվում էին՝
Պստիկ բալեք մեծացեք,
Իրար կերեք, կշտացեք:
Դա այն ժամանակներն էին, երբ սոված հայ դպրոցականները դպրոցում հայհոյում էին քյոխվային ու ռեսին, որոնք ծանր հարկեր էին պահանջել մինչև հեղափոխությունը, և գովերգում իրենց ազատ ու երջանիկ ներկան և լուսավոր ապագան, իսկ նրանց խեղճ ու կրակ մայրերը բռնվելու սարսափը սրտում անիծում էին հարկերի կրկնապատկումը երկրում:
Ստալին ջան, Ստալին,
Իմալ պահեմ ես իմ բալին,
Համ հիմա կուզես, համ՝ կալին:
Լուսավոր ապագայի գովերգմանը զուգահեռ հայհոյվում էին մեր անցյալի արժեքները, ազգային հերոսները և նրանց գործը: Ահա ցայտուն մի քառատող, որը պահպանվել է մինչև մեր օրերը:
Անդրանիկը քաջ-քաջ,
Էշի վրա նստած,
Մի բուխանկա հաց
Կրծելով գնաց:
Պա՞րզ է, թե ով է այդ քաջ-քաջ Անդրանիկը: Այո, դուք չեք սխալվում: Խոսքը մեծ հայդուկապետ, հերոս զորավար Անդրանիկի մասին է:
Նորից վերադառնանք խորհրդային ռեալ իրականությանը: Ահա տիպիկ մի հաշվերգ, որտեղ ի հայտ է գալիս աշխարհի բոլոր փոքրիկ տղաների զինվոր դառնալու երազանքը:
Պստիկ պապան գնաց բանակ,
Հետը տարավ մի սուր դանակ,
Ո՞ւմ կտանես հետդ բանակ
Քեզ ընկեր:
Անցնում են խորհրդային պետության կյանքի առաջին տասնամյակները: Բանակը և արդեն մեծացած պստիկ զինվորն այժմ ունեն ռեալ թշնամի, որի նկատմամբ հաղթանակի են սպասում նրանք, հենց ընթացիկ շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին՝
Ուրբաթ, շաբաթ, կիրակի,
Հիտլերի փորը տրաքի:
Եվ այդ ժամանակ կգա երկար սպասված խաղաղությունը՝
Հիտլերն ընկավ ցեխը,
Աչքը մտավ մեխը,
Երկու աչքն էլ քոռացավ,
Պատերազմը մոռացավ:
Եկավ բաղձալի խաղաղությունը: Անցավ մեկուկես տասնամյակ: Խորհրդային պետությունը կարողացավ կարճ ժամանակամիջոցում բուժել իր վերքերը և շուտով, աշխարհում առաջինը, ձեռնարկեց տիեզերքի նվաճման մեծ գործը: Երեխաների արձագանքը չուշացավ՝
Յուրի Գագարին,
Կերավ մարգարին (կամ՝ մանդարին),
Ժամը երկուսին
Թռավ կոսմոսին:
Սա հիշեցնում է «Ահա եկավ նոր տարին, բերեց (կամ՝ առանց) խնձոր մանդարին» երկտողը: Այստեղ տիեզերքի յուրացման սկիզբը՝ տիեզերական դարի գալուստը, շատ ճիշտ կերպով համեմատվում է նոր տարվա գալստյան հետ, ընդ որում՝ նշվում է նաև, որ կենսամակարդակի անկումը գրանցող սեղանների նվազ ճոխությունը և բնական յուղի ու ցիտրուսային մրգերի անբավարար քանակը արդյունք են տիեզերական հետազոտությունների վրա կատարված ահռելի ծախսերի, թեև մանկական անմիջականությամբ մանդարինի բացակայության համար մեղադրվում է անձամբ առաջին տիեզերագնացը: Հատկանշական է, որ տիեզերքը ծառի՝ գուցե հենց՝ մանդարինի ծառի պես մի բան է պատկերացվում, որի վրա թռչում-նստում են: Բացի այդ, նշվում է երևույթի պատմականությունը և գրանցվում պատմական պահը՝ ժամը երկուսը (պետք է ասել, որ հեղինակի ժամացույցը ակներևաբար հետ ընկած է եղել, քանի որ Գագարինի թռիչքը տեղի է ունեցել ժամը ինն անց յոթ րոպեին, կամ էլ՝ հեղինակն արձանագրել է ոչ թե թռիչքի, այլ նրա մասին ՏԱՍՍ-ի հաղորդագրության պահը):
Բայց ժամանակը թռչում է առաջ: Անցնում է ևս մեկուկես տասնամյակ: Արձանագրվում է հայկական ֆուտբոլի աստեղային ժամը: 1973-74 թվականներ, ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն և գավաթի եզրափակիչ: «Արարատը» ոսկե «դուբլ» է անում: Նա և՛ չեմպիոն է, և՛ կրկնակի գավաթակիր: Նոր հերոս է երևում հորիզոնում: Հաղթական գոլերի հեղինակն է Իշտոյանը: Հիշո՞ւմ եք «Միմինո» կինոնկարի հերոսի խոսքը՝ «օդանավի ուղեկցորդուհին թռչում է մեծ-մեծ մարդկանց՝ ակադեմիկոսների, մինիստրների, Իշտոյանի հետ: Նա քեզ վրա չի էլ նայի»: Ջահել աղջիկները տառապում են անքնությունից: Նրանց հանգիստ չի տալիս 8 համարի համազգեստ կրող ֆուտբոլիստի հռոմեական կիսադեմը: Մեծ քույրերի օրինակին են հետևում փոքրիկ աղջնակները: Եթե բախտը չժպտաց ավագ քրոջը, գուցե իրե՞ն կժպտա, թեկուզ և՝ տաս տարի հետո: Երազանքը մարմնավորվում է հետևյալ քառատողում՝
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10,
Գնդակն ընկավ դարպաս:
Մեկ-զրո հօգուտ քեզ՝
Իշտոյանի կնիկն ես:
Անցնում է ևս մեկուկես տասնամյակ: Փոքրիկ աղջիկն ամուսնացել է ոչ թե լեգենդար Իշտոյանի, այլ շարքային ինժեների հետ: Այս անգամ ժողովուրդը կուտակված է ոչ թե մարզադաշտում, այլ օպերային թատրոնի շուրջը: Օպերան, իհարկե, դուրս չէր մնացել մանկական հետաքրքրությունների շրջանակից: Նրա մասին արդեն վաղուց կար հետևալ քառատողը՝
Օ, օ, օպեռա,
Թթուն դնեմ թող եռա,
Վայ, մամա ջան, ես մեռա,
Ադի-բուդի չկերա:
Պատկերացրեք խեղճ երեխայի տառապանքը, որը դպրոցական աբոնեմենտով գնացել է հեղափոխության մասին երկարաշունչ օպերայի դիտման, և հետը մոռացել է վերցնել նման դեպքերում միակ սփոփանքի դեր կատարող ադի-բուդիի թղթե տոպրակը: Օպերայի ավարտի տանջալից, անհամբեր սպասումից մարդ իրոք կարող է մեռնել: Բայց հիմա դրությունն այլ է: Հրապարակը եռում-փոթորկվում է: Մի՞թե իրականալու է ժողովրդի երազանքը՝
Ղարաբաղը մերն է,
Բայց թուրքերի ձեռն է,
Հելնեմ սարի գագաթին,
Թքեմ թուրքի ճակատին:
Քառատողի հերոսը ցուցադրում է իր պատմական գիտելիքները, նա գիտե, որ Ղարաբաղը հայկական հող է, և պատրաստ է դրա համար բարձրանալ ամենաբարձր սարի գագաթը և այնտեղից իր արհամարհանքն արտահայտել պատմության կեղծարարների նկատմամբ: Հերոսը մենակ չէ: Նրա հետ է իր հայրը, որը թեև առաջացած տարիքի պատճառով չի կարող հասնել սարի գագաթին, բայց հնարավորության սահմաններում իր լուման է ներդնում արդար գործի հաջողության համար պայքարում: Երիտասարդները պետք է պայքարեն, իսկ հայրիկները՝ ապացուցեն իրենց իրավունքների ճշմարտությունն ու արդարությունը՝
Ղարաբաղը մերն է,
Բայց թուրքերի ձեռն է,
Պապան գնաց ցույցի,
Որ ապացուցի:
Այժմ, կարելի է ասել, որ պապան ապացուցել-վերջացրել է: Երեխաները պետք է ասեն՝ «պապա, պապա, հերիք է ապացուցես, անցիր գործի»: Եվ որոշ պապաներ կարծես թե իրոք անցնում են գործի:
Ինչպես տեսանք, հայ մանուկների բանահյուսությունը վերջին ժամանակներս պատմության կարևոր դեպքերին անդրադառնում է մեկուկես տասնամյակը մեկ, և հերթական պատմական քառատողը կծնվի արդեն XXI դարի սկզբին: Ինչպիսի՞ն կլինի այն: Դա կախված է մեզանից: Պապաներ, անցեք գործի:
Մայիս 1990
Տպագրվել է 1990 թ. օգոստոսին, «Մունետիկ» թերթի 9-10 և 11 համարներում:
‘