‘Սերժ Սարգսյանին «կհանձնեն» սեփական «թիմակիցները» ‘

1690

Թիմ ունենալու զգացումը հզոր գործոն է: Երբ մարդ գիտե, որ իր հետեւում թիմ կա, նա ավելի վստահ է գործում: Չի կարող որեւէ քաղաքական գործիչ չունենալ թիմ, բայց ունենալ համախոհներ եւ հատկապես` հետեւորդներ: Եթե գործիչը չի կարողանում թիմ ունենալ, նա երբեւէ չի կարող ունենալ հետեւորդներ:

ԱԺ-ում այսօր հանրապետականների կողմից հնչած ելույթները հերթական անգամ ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը իրականում քաղաքական թիմ չունի: Սա ակնհայտ է: Այո, կան բազմաթիվ գործիչներ, (ընդ որում, թե երիտասարդ ու սկսնակ, թե` բազմակի անգամ օգտագործված), որոնք հանուն սեփական բարեկեցության պատրաստ են քծնել օրվա իշխանությանը: Սակայն, խնդիրն այն է, որ այդ մարդիկ կքծնեն ցանկացած իշխանության` անկախ այն հանգամանքից, թե ով կգտնվի այդ իշխանության ղեկին: Եթե Սերժ Սարգսյանի փոխարեն Բաղրամյան 26-ում նստած լիներ ասենք` Արշակ Սադոյանը, ապա այդ նույն մարդիկ նույն հաջողությամբ կծառայեին նաեւ Սադոյանին: Մինչդեռ քաղաքական թիմ հասկացությունը այստեղ կիրառելի չէ: Քաղաքական թիմ ունենում է կոնկրետ մարդը, կոնկրետ գործիչը: Թիմ, ովքեր կարող են անգամ հրաժարվել սեփական բարեկեցությունից, հանուն այն գաղափարների, որոնք կիսում են իրենց առաջնորդի հետ, եթե իրենց առաջնորդը այլեւս իշխանության ղեկին չի լինում: Մինչդեռ պատկերացնենք, ՀՀԿ-ից, կամ նախագահականից, կամ` պետական այլ մարմիններից, քանի՞ գործիչ հրաժարականի դիմում կգրի, եթե Սերժ Սարգսյանը ասենք այսօր հրաժարական տա: Գալուստ Սահակյա՞նը, Շարմազանո՞վը, Հովիկ Աբրահամյա՞նը, Տիգրան Սարգսյա՞նը, նախարարնե՞րը, երիտհանրապետականնե՞րը, Վիկտոր Դալլաքյա՞նը, Գեղամյա՞նը, Խոսրով Հարությունյա՞նը, Բաբուխանյա՞նը, Շուշան Պետրոսյա՞նը, Սամվել Ալեքսանյա՞նը, Մհեր Սեդրակյա՞նը, Գագիկ Բեգլարյա՞նը, Տարոն Մարգարյա՞նը, Սուրիկ Խաչատրյա՞նը, Աղվան Հովսեփյա՞նը, Վովա Գասպարյա՞նը, Սեյրան Օհանյա՞նը, Վաչիկ Ղազարյա՞նը, Միքայել Մինասյա՞նը: Կամ գուցե ներկայում Սերժ Սարգսյանին գովերգող վերլուծաբաններ-լրագրողներ-քաղաքագետներ-հասարակական գործիչնե՞րն են դադարելու զբաղվել իրենց գործով: Իհարկե, ոչ: Բացառվում է:

Հենց Սերժ Սարգսյանը դադարի իշխանություն լինել, մենք ականատես կլինենք մի սարսափելի տեսարանի` նրան գովերգողները նույն հաջողությամբ կսկսեն քննադատել նրան, նրան ծառայողները` դուրս կգան նրա դեմ, նույն Աղվան Հովսեփյանը, եթե այդ ժամանակ ձեռքին ճար լինի, Սարգսյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնի, Սահմանադրական դատարանը` անվավեր կհայտարարի 2008-ի արդյունքների բողոքարկման իր նախորդ որոշումը, հանրապետականները կսկսեն նոր տեր ման գալ, որին կարելի է ծառայել ու քծնել, միայն թե օրվա քյաբաբն ու խաշը իրենցից անպակաս լինի: Կարծում եք, եթե Սերժ Սարգսյանը իշխանություն չունենա, Շարմազանովը կամ Կարեն Ավագյանը կգնան կպայքարե՞ն հանուն իրենց գաղափարների եւ իրենց թիմի իշխանություն գալու, պատրաստ կլինե՞ն դառնալ քաղբանտարկյալ, հացադուլ հայտարարե՞լ: Իհարկե, ոչ:

Եւ այս ամենը հասկանում է հենց ինքը` Սերժ Սարգսյանը: Հասկանում է, որ եթե ինքը այսքան տարիների ընթացքում նույնիսկ սեփական թիմ չի կարողացել ձեւավորել, ապա ինչպե՞ս կարող էր համախոհների կամ համակիրների, կամ հետեւորդների բանակ ձեւավորել: Սերժ Սարգսյանը թերեւս ինքն էլ հասկանում է, որ իր հիմնական խնդիրը ոչ միայն այն է, որ ինքն այս ընթացքում այդպես էլ հասարակության համար ընկալելի ու ընդունելի չի դարձել, այլեւ այն, որ նույնիսկ իր «թիմում» ինքն այդպես էլ լիդեր չի դարձել: Իսկ եթե մարդը չի կարողացել այսքան տարիների ընթացքում համախոհներ ձեռք բերել սեփական կուսակցության մեջ, ապա նա ինչպե՞ս կկարողանար համախոհներ ձեռք բերել հասարակության շրջանում: Մարդ, ով ներկայիս իշխանությունը ստացել է բացառապես մարտիմեկյան սպանությունների, բռնությունների, ընտրակեղծիքների արդյունքում, շատ լավ հասկանում է, որ անգամ ԿԸՀ նախագահն իր թիմի մարդ չէ: Այսինքն, կարող ենք արձանագրել, որ մեր դիմաց կանգնած է Սերժ Սարգսյանը` իրականում բացարձակապես մեն-մենակ: Իսկ ովքե՞ր են կանգնած մյուս կողմում: Հասարակությունը, (ընդ որում, թե արտագաղթածները, թե նրանք, որ դեռ մնացել են Հայաստանում), եւ ընդդիմությունը: Չկա ավելի հեշտ բան, քան հաղթել նրան, ով բացարձակապես մենակ է: Առավելեւս, եթե նրան ընդդիմացող բոլոր ուժերը ստեղծեն հասարակական լայն կոնսոլիդացիա: Եթե ռազմական տերմինաբանությամբ ասենք, ապա այդ դեպքում ոչ թե հաղթանակի արդյունքն ապահոված սովորական հարձակում կլինի, այլ` համակողմանի շրջափակում, օղակում: Եթե Սերժ Սարգսյանի դեմ ի վերջո ձեւավորվի բացահայտ հասարակական-քաղաքական լայն համախմբում, եւ այդ համախմբումն առաջնորդի ամենամեծ կոնսոլիդացման պոտենցիալն ունեցող քաղաքական գործիչը, ապա կստեղծվի մի այնպիսի իրավիճակ, որ հակառակորդը կհանձնվի` անգամ առանց դիմադրության: Որովհետեւ նա ուղղակի չի հասցնի դիմադրություն ցույց տալ բոլոր ուղղություններով` եւ ճակատից, եւ թիկունքից, եւ աջ ու ձախ թեւերից: Առավելեւս, որ այդ դիմադրության համար հակառակորդն ուղղակի չի ունենա այդքան ռեսուրս: Հակառակորդը նույնիսկ չի հասցնի փախչել: Նրան կհանձնեն սեփական, այպես կոչված, թիմակիցները` միայն թե իրենց ոչինչ չլինի:  

 

Պարգեւ Ապրեսյան

 

Նախորդ հոդվածը‘Արթուր Աբրահամը Ամանորը կանցկացնի Երեւանում’
Հաջորդ հոդվածը‘Բուլղարական ԱԷԿ-ում վթարային իրավիճակի պատճառով կանգնեցվել է ռեակտորի աշխատանքը’