‘
Բուլղարիայում կանգնեցվել է «Կոզլոդույ» ատոմային էլեկտրակայանի վեցերորդ ռեակտորի աշխատանքը, հայտնում է BBC-ն: Վթարը տեղի է ունեցել էներգաբլոկի տուրբոգեներատորի կառավարման էլեկտրոնային համակարգում:
Կայանի աշխատակիցները փորձել են տուրբոգեներատորը փոխադրել ձեռքով կառավարման ռեժիմ, սակայն այդ ընթացքում գործարկվել է ռեակտորի կանգնեցման վթարային համակարգը:
Հայտնվում է, որ ռադիացիայի արտանետում տեղի չի ունեցել, ԱԷԿ-ի շրջակայքում ռադիացիոն ֆոնը մնացել է անփոփոխ:
Պատահարի պատճառների վերացումից հետո ռեակտորը կրկին կգործարկվի:
Երեք օր առաջ ավարտվել են ռեակտորի նախատեսված վերանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել էին դեռեւս սեպտեմբերի սկզբներին:
Արեւելյան Եվրոպայի ամենախոշոր ԱԷԿ-երից մեկը՝ «Կոզլոդույը» գրեթե Մեծամորի ԱԷԿ-ի հասակակիցն է; Այն կառուցվել է ԽՍՀՄ ակտիվ մասնակցությամբ եւ գործարկվել է 1974-ին:
‘