‘
Ինչպես տեղեկացրել ենք, հունվարի 13-ին ՀՀ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները մայրաքաղաքից այցելել էին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թաղամաս` Սլաբոդկա: Ոստիկանությունը, այդ թվում Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, լրատվամիջոցներով կտրականապես հերքել էր Գյումրու նախկին քաղաքապետի տունը խուզարկելու փաստը: Այսօր տեղի ոստիկանության պաշտոնյաներից մեկը Aravot.am-ին որոշակի մանրամասներ փոխանցեց ոստիկանների այցից: Պաշտոնյայի ասելով, ոստիկանությունը այցելել է Սլաբոդկա թաղամաս՝ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին 2013 թվականի հուլիսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի միջանցքում Վարդան Ղուկասյանի թիմակիցների կողմից ծեծի ենթարկելու փաստի առթիվ:
Քիչ առաջ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում չհերքեց այս տեղեկությունը` այլ մանրամասներ չտրամադրելով: Փաստորեն մեր այն հարցը, թե կա՞ բերման ենթարկված անձ Սամվել Սարգսյանին ծեծի ենթարկելու գործով, մնաց անպատասխան:
Մանրամասները՝ այստեղ
‘