‘
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում անհանգստացած են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ և հակամարտության բոլոր կողմերին կոչ են անում զերծ մնալ իրավիճակն ավելի սրելուց: «Մենք խորապես անհանգստացած ենք այսօր Կիևի փողոցներում տիրող իրավիճակի կապակցությամբ և կողմերին կոչ ենք անում անհապաղ լիցքաթափել իրադրությունը»,- ասված է Ազգային անվտանգության խորհրդի Ուկրաինայի հարցով պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենի հայտարարությունում: Ընդ որում՝ նա նշել է, որ «Ուկրաինայում աճող լարվածությունն ուղիղ հետևանքն է այն բանի, որ կառավարությունն ընդունակ չէ ճանաչելու իր ժողովրդի օրինական պահանջները»: «Դրա փոխարեն՝ կառավարությունը թուլացնում է Ուկրաինայում ժողովրդավարության հիմքերը՝ խաղաղ ցույցերը դիտարկելով որպես քրեական հանցագործություն և քաղաքացիական հասարակությունից և իր քաղաքական ընդդիմախոսներից խլելով նրանց հիմնարար իրավունքները»,- նշել է Հեյդենը:
ԱՄՆ անվտանգության խորհրդում նաև կոչ են արել Ուկրաինայի իշխանություններին չեղյալ հայտարարել վերջերս ընդունված «հակադեմոկրատական օրենքները», սպեցնազը դուրս բերել մայրաքաղաքի կենտրոնից և երկխոսություն սկսել քաղաքական ընդդիմության հետ: «ԱՄՆ-ը նաև լրացուցիչ միջոցներ կդիտարկի, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառում»,- ընդգծել է Հեյդենը: Փոխանցում է Interfax-ը:
‘