‘
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի երկրորդ օրը մի շարք ուշագրավ արդյունքներ գրանցվեցին, իսկ հիմնական իրադարձությունները տեղի ունեցան D խմբում:
A խումբ
Այստեղ հանդիպումները կանխատեսելի ավարտ ունեցան:
ՊՍԺ-ն իր բարձր կարգի շնորհիվ հանգիստ հաղթեց Զագրեբի «Դինամոյին»՝ 2:0, իսկ «Պորտուն»՝ թեպետ դժվարությամբ, սակայն կոտրեց Կիեւի «Դինամոյի» դիմադրությունը՝ 3:2:
Այս խմբում «Պորտուն» ունի 9 միավոր, ՊՍԺ-ն՝ 6, Կիեւի «Դինամոն»՝ 3:
«Պորտու» – «Դինամո» Կիեւ `3:2
Վարելա՝ 15, Մարտինես՝ 36, 78 – Գուսեւ՝ 21, Իդեյե՝ 72
«Դինամո» Զագրեբ – ՊՍԺ ` 0:2
Զլատան Իբրահիմովիչ, 33, Ժերեմի Մենես, 43
B խումբ
Լոնդոնի «Արսենալը» «սեւ» օրերի փուլ է ապրում: Թիմը Անգլիայի առաջնության վերջին տուրում պարտվեց անհուսալի ետնապահին՝ «Նորվիչին», այժմ նույնքան անատամ խաղով անզոր գտնվեց «Շալկեի» հետ խաղում եւ պարտվեց 0:2 հաշվով:
Մյուս խաղում «Օլիմպիակոսը» կամային հաղթանակ տարավ «Մոնպելյեի» նկատմամբ՝ հաղթական գնդակը խփելով վերջին րոպեին:
«Շալկեն» 7 միավորով այս խմբի առաջատարն է, «Արսենալը» ունի 6 միավոր:
«Արսենալ» — «Շալկե»` 0:2
Հունտելար՝ 76, Աֆելայ՝ 86
«Մոնպելյե» — «Օլիմպիակոս»` 1:2
Շարբոնյե՝ 49 – Թորոսիդիս՝ 73, Միտրողլու՝ 90
C խումբ
Իսպանական համեստ «Մալագան» շարունակում է հիացնել իր տպավորիչ խաղով: Իհարկե, նրա մրցակիցը՝ «Միլանը» այժմ լավագույն ժամանակները չի ապրում, բայց եւ այնպես «Մալագան» էլ պակաս ճգնաժամի մեջ չէ: Չնայած դրան, իսպանացիները երրորդ հաղթանակը տարան՝ 1:0: Ընդ որում, թիմը առայժմ անառիկ է պահում դարպասը: Միակը ամբողջ մրցաշարում:
Մյուս խաղում «Զենիթը» տանը նույն 1:0 հաշվով հաղթեց «Անդերլեհտին» եւ պահպանեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները:
«Մալագան» 9 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մնացած թիմերը կպայքարեն երկրորդ ուղեգրի համար:
«Մալագա» — «Միլան»` 1:0
Խոակին Սանչես՝ 64
«Զենիթ» — «Անդերլեխտ»` 1:0
Կերժակով՝ 72 (11մ.)
D խումբ
Իսկ այս խմբում, որը նաեւ անվանում են «մահվան», տեղի ունեցան տուրի գլխավոր իրադարձությունները:
Դորտմունդի «Բորուսիան» գերազանց ոճով հաղթեց Մադրիդի «Ռեալին»` 2:1: Գերմանացիները ամբողջ խաղի ընթացքում ունեին մեծ առավելություն, ցուցադրեցին շատ բարձրակարգ ֆուտբոլ, այնպես որ այս հաշիվը ոչ մի դեպքում չի կարելի անակնկալ համարել: Թերեւս, այս պահին Չեմպիոնների լիգայում ամենադիտարժան եւ գեղեցիկ ֆուտբոլը ցուցադրում են «Շախտյորն» ու «Բորուսիան»: Չհաշված «Բարսելոնան»:
Պակաս հետաքրքիր չէր նաեւ խմբի մյուս հանդիպումը, որտեղ «Այաքսը» ընդունել էր Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: Թվում էր, թե անգլիացիները այս խաղում խնդիրներ չեն ունենա եւ իրենց աստղային կազմի շնորհիվ առաջին հաղթանակը կտոնեն: Եվ չնայած «Սիթին» բացեց հաշիվը, սակայն հոլանդական ակումբը չընկրկեց եւ կարողացավ բեկում մտցնել խաղում՝ Ջո Հարթի պաշտպանած դարպասը երեք գնդակ ուղարկելով: Լիովին արժանի հաղթանակ, եւ այս խմբում իրավիճակը բավական խճճվեց:
«Բորուսիան» վաստակել է 7 միավոր, «Ռեալը»՝ 6, «Այաքսը»՝ 4, իսկ ահա աշխարհի ամենաթանկ եւ «շեյխոտ» թիմը՝ «Մանչեսթեր Սիթին» առայժմ 1 միավոր ունի: Սակայն այս խմբում դեռ ամեն ինչ կարող է փոխվել:
«Բորուսիա» — «Ռեալ»` 2:1
Լեւանդովսկի՝ 36, Շմելցեր՝ 64 – Կրիշտիանու Ռոնալդու, 38
«Այաքս» — «Մանչեսթեր Սիթի»` 3:1
Սիմ դե Յոնգ՝ 45, Մոյսանդեր՝ 57, Քրիստիան Էրիկսեն՝ 68 — Սամիր Նասրի՝ 22
‘