‘
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը փետրվարի 6-ին կոչ է արել դադարեցնել հարձակումները սեռական փոքրամասնությունների վրա և խտրական վերաբերմունքը նրանց նկատմամբ: Ինչպես հաղորդել է Associated Press-ը, այդ մասին միջազգային կազմակերպության ղեկավարը հայտարարել է՝ հանդես գալով Սոչիում և դիմելով Միջազգային օլիմպիական կոմիտեին: «Մենք բոլորս պետք է հանդես գանք ընդդեմ հարձակումների լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսսեքսուալների և ինտերսեքսուալների նկատմամբ,- հայտարարել է Պան Գի Մունը:- Մենք պետք է այնպես անենք, որ նրանց չձերբակալեն, բանտ չգցեն և չենթարկեն խտրական սահմանափակումների: Ատելության համար 21-րդ դարում տեղ չկա»:
Խոսելով Օլիմպիադայի մասին, որը փետրվարի 7-ին կմեկնարկի Սոչիում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է Օլիմպիական խարտիայի վեցերորդ սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Այդ դրույթն արգելում է Օլիմպիական խաղերի ընթացքում խտրականության ցանկացած տեսակ, այդ թվում՝ ռասայական, սեռական և կրոնական դրդապատճառներով:
Պան Գի Մունի հայտարարությունն արվել է անչափահասների շրջանում գեյ-քարոզչությունն արգելող ռուսաստանյան օրենքի միջազգային քննադատության ֆոնին: Օլիմպիադան, որի մասնակիցների շարքերում կան սեռական փոքրամասնություններ, ավելի սրեց այդ օրենքի քննադատությունը: Հունվարին օրենքը փոխելու պահանջով հանդես եկան ավելի քան 200 գրողներ՝ ողջ աշխարհից, և Նոբելյան մրցանակի 27 դափնեկիրներ: Փետրվարի 5-ին նույնպիսի պահանջով ռուսաստանյան իշխանություններին է դիմել նաև ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն: Ըստ կոմիտեի անդամների՝ երեխաներին պաշտպանելու փոխարեն՝ այդ օրենքը բռնություն և խտրականություն է հրահրում, փոխանցում է lenta.ru-ն:
‘