‘
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ երեկոյան չկայացած «Անուշ» օպերայի հանդիսատեսը կարող է ներկայացումը դիտել փետրվարի 24-ին։ Այդ մասին iLur.am-ին տեղեկացրին թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ նախօրեին ներկայացման անձնակազմը հրաժարվել է բեմ դուրս գալ, քանի որ թատրոնի ղեկավարությունը առանց աշխատակիցների համաձայնության հունվար ամսվա աշխատավարձից կենսաթոշակային կուտակային ֆոնդերի պահումներ է արել:
Ըստ թատրոնի մամուլի խոսնակի՝ հանդիսատեսը կարող է վերադարձնել փետրվարի 10-ի տոմսերը եւ ստանալ գումարը, կամ պահել դրանք եւ մասնակցել փետրվարի 24-ի ներկայացմանը: Միաժամանակ, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել` ինչ տեղի կունենա, եթե փետրվարի 24-ին արտիստները կրկին բոյկոտեն ներկայացումը։
Այս պահին, նրա խոսքով, թատրոնի աշխատակազմը ժողով է անցկացնում` քննարկելու այդ եւ այլ հարցեր:
Միեւնույն ժամանակ, մեր տեղեկություններով, թատրոնի անձնակազմի մի խումբ ներկայացուցիչներ գնացել են մշակույթի նախարարություն` իրենց պահանջները ներկայացնելու:
‘