‘
Հայաստանի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Վերջինս պայմանավորված է առաջնային բժշկական օգնության կազմակերպություններ դիմելիությամբ:
Հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ առկա չեն, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնց նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում:
Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը և ադենովիրուսները:
Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է.
— խուսափե´ք հիվանդների հետ շփումից
— եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը
— եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ
— հագնվե´ք եղանակին համապատասխան
— պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը
— օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ
— հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները
‘