‘
Լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու Հայաստանի ցանկությունը վրդովվեցրել է Իրանին:
Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ իրանական լրատվական գործակալությունը, Իսլամական մեծ հանրագիտարանի կենտրոնին կից գիտխորհրդի անդամ Ալի Բոլուքբաշին նշել է, որ լավաշն իրանցիների հնագույն ավանդական հացատեսակներից մեկն է: Միաժամանակ Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության մշակութային արժեքների գրանցման բաժնի ղեկավար Ֆարհադ Նազարին ԻՌՆԱ-ի հետ զրույցում թեև խոստովանել է, որ լավաշի հայրենիքը Հայաստանն է, միաժամանակ հայտարարել է, որ Իրանը ևս կարող է լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառելու հայտ ներկայացնել:
Հայկական լավաշը 2014 թ. ներկայացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ներառելու համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում արդեն ներառված են հայկական «Սասունցի Դավիթ» էպոսը, խաչքարագործությունը և դուդուկի երաժշտությունը:
‘