‘
ԱԺ-ում գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀԿ նախաձեռնության քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ իր ներկայացրած խմբակցությունը կողմ է հանձնաժողովին, եթե այդ հանձնաժողովի նիստերը բաց լինեն, բացառությամբ այն դեպքերի, եթե անհրաժեշտություն կա նիստը փակ անցկացնելու:
Մանուկյանը հայտարարեց, որ ընդդիմության մոտիվացիան գազի հետ կապված գաղտնիքները բացահայտելն է, եւ դիմելով ՀՀԿ-ականներին`ասաց. «Դուք պաշտպանված եք միայն այն դեպքում, եթե բաց լինի: Բացի դեպքում են բերելու, փակի դեպքում չեն բերելու, փակի դեպքում ձեզ ճնշելու են: Դուք մեզ ուզում եք տանել մի արգահատելի գործընթացի, ինչի զոհն ենք մենք»:
Նա զարմանք հայտնեց ՀՀԿ-ականների այն հայտարարությունների կապակցությամբ, թե նիստերը կարող են գաղտնիք պարունակել, հետեւաբար պետք է փակ լինեն: «Ի՞նչ գաղտնի խնդիր կա գազի գնի հետ կապված, եթե այստեղ անգամ Երեւան-Ստեփանակերտ չվերթից ենք խոսում: Մեզ հետաքրքրում է` ո՞նց է գինը ձեւավորվել, ո՞վ է գնահատել հայկական կողմի 20 տոկոսը, եւ այդ 300 մլն պարտքը ո՞նց է ձեւավորվել: Այս երեք հարցի մեջ գաղտնիք կա՞: Չկա»,- հայտարարեց Մանուկյանը:
Արամ Մանուկյանի ելույթի ամբողջական տեսանյութը դիտեք մեր կայքում քիչ ավելի ուշ:
‘